‘Վարդան Մինասյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում է ակումբային կարիերան’

954

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ եւս 11 մարզիչներ, մեկ տարուց ավելի մասնակցելով ՊՐՈ արտոնագրի դասընթացների, հաջողությամբ հանձնել են քննությունները եւ այսօր ՀՖՖ նախագահից ստացան ՊՐՈ դիպլոմներ:

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո Վարդան Մինասյանը պատասխանեց իր կարիերայի հետագա զարգացման շուրջ պտտվող խոսակցությունների մասին լրագրողների որոշ հարցերի.

— Պարո՛ն Մինասյան, բազմաթիվ ակումբների անուններ են շրջանառվում, որոնք, իբր, հետաքրքրված են Ձեր ծառայություններով: Դուք հստակ առաջարկներ ունե՞ք:

-Չէ, առայժմ ոչ մի կոնկրետ բան չկա: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել:

— Հիմնականում ռուսական ակումբների անուններ են շոշափվում: Դուք ցանկություն ունե՞ք կարիերան շարունակել ռուսական ֆուտբոլում:

— Ես այս խոսակցությունները կարող եմ համեմատել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքների շուրջ ծավալվող խոսակցությունների հետ. բազմաթիվ մարզիչների անուններ են նշում, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են:

— Հիշեցիք հավաքականի՝ մարզիչ չունենալու հանգամանքը: Դուք ինքներդ ինչ-որ կերպ մասնակցո՞ւմ եք նոր մարզչի ընտրությանը:

— Ոչ, դա ֆեդերացիայի գործն է: Այդ հարցով զբաղվում են իրենք:

— Պարո՛ն Մինասյան, հավաքականի մարզչի աշխատանքը որքանո՞վ է տարբերվում ակումբային աշխատանքից:

-Դրանք լրիվ տարբերվող աշխատանքներ են. ակումբում ամենօրյա աշխատանք է, տարբեր են նաեւ մոտեցումները: Ինձ այս պահին ավելի հետաքրքրում է ակումբային մարզչական կարիերան, որովհետեւ, հաշվի առնելով իմ տարիքը եւ փորձը, ես ունեմ պրակտիկայի կարիք:

— Պարո՛ն Մինասյան, Ձեր գործակալը նշել էր, որ նոյեմբերի 25-ից Ձեր կարիերայում արդեն հստակություն կմտցվի: Որքանո՞վ էր դա կապված ՊՐՈ արտոնագրի հետ:

— Պետք չէ այդքան կենտրոնանալ այս ՊՐՈ արտոնագրման վրա. սա ընդամենը աշխատելու իրավունք է, ինչպես որ վարորդից է աշխատելու համար պահանջվում արտոնագիր, այնպես էլ սա է՝ ընդամենը արտոնագիր: Մնացած ամեն ինչը ավելի շատ կախված է ինքնակրթումից ու ամենօրյա պրակտիկ աշխատանքից: Այսինքն՝ ամենակարեւորը ոչ թե արտոնագիրն է, այլ ինքանակրթումն ու սովորելու ձգտումը:

Ֆուտբոլ365

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ’
Հաջորդ հոդվածը‘Նոր ավիաընկերությունը ներքին թռիչքներ կիրականացնի Հայաստանում’