‘
Հայաստան-Չեխիա (0:3) հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն հանդիպեց լրագրողների հետ:
— Պարոն Մինասյան, Կանադայի հետ խաղից հետո Հայաստանը չի կարողանում գտնել իր խաղը: Կարո՞ղ եք ասել ինչ է կատարվում:
— Այո, արդյունք չկա, բայց որակի դեպքում համաձայն չեմ:
— Իսկ ինչո՞ւ չկա արդյունք:
— Դժվար է ասել:
— Բրազիլիա գնալու ի՞նչ շանսեր կան:
— Իսկ ո՞վ էր ասել, թե գնալու ենք Բրազիլիա: Ինձանից նման բան լսե՞լ եք:
— Իսկ ի՞նչ խնդիր է դրվել:
— Կատարելագործել մեր խաղը:
— Իսկ խաղից ի՞նչ կասեք:
— Այնպիսի խաղ էր, որ ով խփեր, ապա կհաղթեր: Մեր սխալի արդյունքում նրանք խփեցին գոլը:
— Պարտություններից հետո սովորաբար մարզիչներն ասում են, որ դա իրենց պարտությունն է…
— Ցանկացած պարտություն էլ մարզչի պարտությունն է:
— Խաչատուրովն իր թիմում մշտապես խաղում է: Ի՞նչն է պատճառը, որ հավաքականում խաղալու հնարավորություն չստացավ:
— Այս պահին ավելի լավ տարբերակը Տարոն Ոսկանյանն էր:
—Կամո Հովհաննիսյանը հաճախ կորցնում էր գնդակը: Ո՞րն էր պատճառը:
— Հետաքրքիր հարցեր եք տալիս… Հնարավոր է՝ լարվածության արդյունքում էր:
— Ձեր կարծիքով՝ կենտրոնական պաշտպաններն ինչպե՞ս խաղացին:
— Լավ:
— Խաղից առաջ ասել էիք, որ խաղից հետո կնշեք Չեխիայի թույլ կողմերը…
— Նրանք փոխել էին մարտավարությունը ու հանդես էին գալիս 2 հենակետայինով: Նրանց թույլ տեղը պաշտպանության աջ եզրն էր, քանի որ երբ նրանք այդ եզրով գրոհում էին, ազատ տեղեր էին առաջանում: Բայց այսօր նրանք ավելի պասիվ խաղացին:
— Առաջին եւ երկրորդ խաղակեսերի միջեւ ի՞նչ տարբերություն եք տեսնում:
— Ոչ մի: Եթե ուշադիր եք եղել՝ երկրորդ խաղակեսն էլ մենք լավ սկսեցինք…
— Ասում եք կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եք, բայց 3 գոլերն էլ նրանց դիրքերից ընդունեցինք:
— 2-րդ գոլի ժամանակ Ռոբերտ Արզումանյանն այլ կերպ պետք է գործեր: Եթե ընդհանուր խաղին նայեք, ապա Տարոն Ոսկանյանն անթերի ֆուտբոլ խաղաց:
— Ձեզանից ե՞րբ կարելի է նոր մարտավարություն տեսնել, հատկապես նման մրցակցիների դեմ խաղերում:
— Թիմը խաղում է նույն սխեմայով, բայց մարտավարությունը փոխվում է:
Armsport.am
‘