‘Վարդան Մինասյան. Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է’

672

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով վաղը Դանիայի դեմ կայանալիք ընտրական մրցավեճի մասին:  

Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում՝ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:

— Մենք մտածում ենք միայն Դանիայի հետ խաղի մասին:

Ի՞նչ վիճակում է հավաքականը՝ Չեխիայի հետ ծանր խաղից հետո:

— Ամեն ինչ արվել է, որպեսզի մեր խաղացողները վերականգնվեն: Եղել են թեթեւ պարապմունքներ: Հայտնի չէ, արդյո՞ք Արազ Օզբիլիսը կխաղա թե ոչ: Նա սննդի հետ կապված խնդիր ուներ և պետք է կրկին հետազոտվի: Հուսով եմ, որ լավ կլինի:

Ի՞նչ կասեք Դանիայի հավաքականի վերաբերյալ:

— Դանիայի վերջին խաղը նայել ենք: Նրանք իրենց խաղոճը չեն փոխել, սակայն ուղղվածության փոփոխություն կա: Կազմը երիտասարդացնում են: Նոր բան Դանիայից՝ չենք սպասում:

— Բերեզովսկին ի՞նչ վիճակում է ներկայումս:

— Հենց նոր եմ խոսել նրա հետ: Ընդամենը 20 օր է հարկավոր, որպեսզի նա ապաքինվի: Մենք ավելի վատ բան էինք սպասում…

— Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում…

— Հայաստանը Երեւանում շատ վատ է խաղացել միայն Մալթայի հետ: Բայց փաստն այն է, որ տանը մենք խաղ չենք հաղթել: Ես ուրիշ բացատրություն ունեմ դրան, բայց դա չեմ ասի ձեզ, քանի որ մարդիկ կան, որոնք չեն կարողանա ճիշտ հասկանալ:

— Ովքե՞ր են փոխարինելու այն խաղացողներին, որոնք չեն կարող վաղը դուրս գալ ասպարեզ:

— Կփորձենք ինչ-որ ձեւով փակել այդ տեղերը: Ամեն ինչ կախված է Արազի խաղալ-չխաղալուց: Վաղը կտեսնեք, թե ովքեր են փոխարինելու:

— Բերեզովսկու փոխարինումից հետո ավագի թեւկապը կրում էր Ռոբերտ Արզումանյանը: Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թեւկապը:

— Հենրիխ Մխիթարյանը:

— Չե՞ք ափսոսում այն բանի համար, որ Չեխիայի հետ խաղից առաջ չէիք հրավիրել մի շարք խաղացողների:

— Այն ֆուտբոլիստներն, ովքեր իմ տրամադրության տակ են, ինձ ամբողջովին բավարարում են: 

Աղբյուրը armsport.am-ի

Նախորդ հոդվածը‘Մի կոռուպցիոն գործարքի պատմություն. Ինչպես «սաղացրեցին» Ֆլեշի բենզինը ‘
Հաջորդ հոդվածը‘Քրդերը կասեցրել են Թուրքիայի տարածքից զորքերի դուրսբերումը’