‘Վարդան Ոսկանյան. Կարծում եմ՝ Իրաքի տարածքում հայերն այլևս անելիք չունեն’

2689

Արևելագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի հետ iLur.am-ը զրուցեց Մերձավոր Արևելքի ճգնաժամի մասին:

Պարո՛ն Ոսկանյան, ԱՄՆն որոշում է ընդունել զինել սիրիական «չափավոր» խմբերին, որոնք պայքարում են Ասադի վարչակարգի եւ, միաժամանակ՝ «Իրաքի եւ Ասորիքի Իսլամական պետության» դեմ:  Ըստ Ձեզ՝ ո՞ր խմբերին նկատի ունի ԱՄՆ-ն, եթե հաշվի առնենք այն, որ դրանք բավական շատ են, եւ դրանց մեջ էլ մեծամասնություն են կազմում իսլամիստները:

Եթե պատկերավոր խոսենք և օգտագործենք ԱՄՆ-ի պաշտոնական կարծիքը, ապա  «չափավոր» ասելով՝ հասկանում ենք սիրիացի տարբեր բժիշկներից, ինժեներներից և դեղագործներից բաղկացած ընդդիմություն, որն իրական մարտական գործողությունների դաշտում չկա. նրանց մասին խոսվում է, բայց նրանց մենք ընդհանրապես չենք տեսնում այնտեղ, որտեղ վճռվում է Սիրիայի ճակատագիրը: Հիմնական զինված պայքար մղողները ծայրահեղական իսլամիստներն են, ներառյալ՝ Ալ-Քաիդային հարող տարբեր խմբավորումներ: Վերջիններս, «Իսլամական պետության» հեղինակության աճի հետ միասին՝ հավատարմության երդում են տալիս «խալիֆին»: Նման բազմաթիվ դեպքեր կան՝ սկսած նույնիսկ աֆրիկական երկրներում իսլամիստական խմբավորումներից՝ վերջացրած Մերձավոր Արևելքում գործողներով: Այս տեսանկյունից՝ իրականությանը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահի՝ մի քանի ամիս առաջ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ այդպիսի ընդդիմություն, փաստորեն, չկա:

Հաճախ ԱՄՆ-ի քաղաքականությունը փորձում ենք վերլուծել խորը մտքի պարունակության տեսանկյունից, բայց ինչպես ցույց են տալիս փաստերը՝ շատ դեպքերում այդ քաղաքականությունը հիմնված է իրավիճակին վատ ծանոթ լինելու, գաղափարական կաղապարներից դուրս չգալու վրա: Օրինակ՝ ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն ծրագրել էր իր դեսպանի գլխատումը, ծայրահեղական իսլամիստների՝ Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան հարկերից մեկից լողավազան թռչելը կամ դեսպանատան աշխատակցի ննջասենյակը ցույց տալը: Այս ամենը փաստում է, որ գործընթացները ծրագրող ամերիկյան համապատասխան կենտրոններում իրական վիճակի գնահատականը բավական թյուր է: Մյուս կողմից՝ կառավարելի քաոսի տեսությունն է, որը հստակ տեսական հիմնավորումներ ունի, սակայն երբ այն սկսվեց կիրառվել հատկապես Մերձավոր Արևելքի պրակտիկայում, տեսանք դրա սնանկ լինելը, քանզի քաոս առաջացնելը հաջողվում է, բայց այդ քաոսը կառավարելը, մեղմ ասած՝ ոչ միշտ է ստացվում: Կարծում եմ, որ ծրագրողները հաշվի չեն առնում մարդկային գործոնը, այն, որ մարդը տեխնոլոգիական էակ չէ, այլ, այսպես ասած՝ բնության ստեղծագործություն, որը ունի բանականություն և ստեղծագործ մոտեցում ցանկացած խնդրի վերաբերյալ. Ուրեմն՝ բարդ և անիրականանալի խնդիր է կանխատեսել մարդու, այս դեպքում՝ մարդկանցից կազմված հասարակական խմբերի, ներառյալ՝ ահաբեկչական կազմակերպությունների հստակ վարքագիծը: Ըստ այդմ՝ կարծում եմ՝ ժամանակն է, որ կառավարելի քաոսի տեսությունը վերանայվի և հստակ գնահատվի, քանի որ, ինչպես ասացի՝ իրականության մեջ այն սնանկ է՝ ստեղծում է քաոս, որը, սակայն, չի կարողանում կառավարել:Ինչքան շուտ ԱՄՆ-ն կարողանա հաղթահարել այդ կարծրատիպերը, այնքան ավելի հաջողակ կլինի:

Իսկ կարո՞ղ է այնպես ստացվել, որ չափավորների անվան տակ զինեն հերթական ջիհադիստների. չէ՞ որ, օրինակ, նույն ԱլՔաիդան նույնպես հակամարտության մեջ է ԻԱԻՊ-ի հետ:

Եթե նայենք զարգացումների ընթացքին, ապա, ընդհանուր առմամբ՝ շատ պարադոքսալ իրավիճակ է. ԱՄՆ նախագահը ընդամենը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ իրենք սխալվել են՝ մտածելով, որ Սիրիայում «չափավոր» ընդդիմությունը ունակ է պայքարելու Բաշար ալ Ասադի դեմ: Դրանով, փաստորեն, իրենց վերջին երեք տարիների գործողությունը համարեց սխալ, բայց դրանից  անմիջապես հետո հակասական հայտարարություն արեց՝ ասելով, որ իրենք պատրաստվում են օժանդակել «չափավոր» ընդդիմությանը թե՛ Բաշար ալ Ասադի, թե՛ ծայրահեղական իսլամիստների դեմ պայքարում: Այս տեսանկյունից, բնականաբար, տարօրինակ մոտեցում է, քանի որ եթե նման ուժեր չկան, կամ նրանց օժանդակելը սխալ էր, ապա ինչո՞ւ է հիմա ճիշտ: Ինչ վերաբերում է նրան, որ «չափավոր» ընդդիմությանը զենք մատակարարելու հետևանքով դրա որոշ մասը կարող են ստանալ ծայրահեղ իսլամիստները, ապա նման բան եղել է, և հիմա էլ, կարծում եմ, կլինի, որովհետև շատ դժվար է տարբերակել, ասենք, Սիրիական ազատ բանակը, որ համարվում է «չափավոր» ընդդիմություն, «Իսլամական պետությունից» և տարածքում գործող մյուս ծայրահեղական խմբերից: Ժամանակին նրանք բոլորը համագործակցել են, և առկա են կապեր. այժմ «Իսլամական պետության» ձեռքում գտնվող որոշ գերիներ պատանդառվել են այն տարածքներից, որտեղ փաստացի գործում էր Սիրիական ազատ բանակը, և նույնիսկ տեղեկություն կա, որ վերջինս է նրանց վաճառել իսլամիստներին, իսկ «Իսլամական պետությունը» դրանց օգտագործում է որպես սպառնալիք՝ ուղղված Եվրոպային, ԱՄՆ-ին: Այս առումով բավական բարդ և տվյալ պահին անհնարին խնդիր է՝ գտնել այն սահմանը, որ բաժանում է «չափավոր» ընդդիմության դաշտը ծայրահեղական իսլամիստների խմբավորումների դաշտից: Վտանգը, որ «չափավոր» ընդդիմությանը տրամադրվելիք ամերիկյան օժանդակությունը միգուցե անցնի ծայրահեղական ընդդիմության ձեռքը, առկա է:

Ընդհանրապես՝ ի՞նչ իրական ուժ եւ կշիռ ունեն սիրիական այն ապստամբ խմբերը, որոնց ընդունված է կոչել «չափավոր»:

Շատ դժվար է ասել, թե ինչ իրական ուժ ունեն, որովհետև, ինչպես արդեն նշեցի՝ դա աներևույթ «չափավոր» ընդդիմություն է, որը լուրջ հաջողություններ չի գրանցել: Նրանք հիմնականում երևացել են միայն բանակցային գործընթացում՝ Ժնևի հանդիպումներում, պարբերաբար՝ Թուրքիայի լրատվամիջոցներում, բայց Սիրիայի ճակատագիրը, ցավոք, այսօր որոշվում է ոչ թե բանակցությունների սեղանին, այլ մարտադաշտում, իսկ այդ պարագայում դժվար է խոսել այս ընդդիմության կարողությունների մասին: Առաջիկայում, երբ այդ օժանդակությունը տրամադրվի, ավելի հստակ պատկեր կունենանք: Ես խիստ վատատես եմ այս հարցում և կարծում եմ, որ որևէ լուրջ հաջողություն այս ասպարեզում չի կարող գրանցվել: Միակ ճիշտ ուղին կլինի դուրս գալ Բաշար ալ-Ասադի վարչակարգին նախկինում տրված գնահատականների (բռնապետ, «վատ տղա» (bad boy) և այլն) կարծրատիպերի շրջանակից և վերադառնալ փոխզիջումային բանակցային փուլ: Պատմությունը ցույց է տալիս, որ Սիրիայի ժողովուրդը ընդունում է Բաշար ալ-Ասադին: Որքան էլ որ արտաքին օժանդակություն լինի՝ Իրանի կողմից, Ռուսաստանի կողմից, երկրի ներսում հենարան չունեցող մարդը չի կարող այդքան երկարատև պատերազմ մղել, այն էլ՝ մի քանի ճակատներով, եթե հաշվի առնենք մանավանդ այն փաստը, որ ավելի մեծ աջակցություն է տրվում նրա «ընդդիմությանը»՝ իսլամիստներին, ընդ որում՝ այնպիսի հարուստ երկրների կողմից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը, ընդհանրապես՝ Պարսից ծոցի միապետությունները, արևմտյան երկրները, Թուրքիան (վերջինս կարևոր դերակատարություն ունի  սիրիական ընդդիմությանը օժանդակելու, զինելու, թիկունք ապահովելու առումով): Բնականաբար՝ պետք է հաշվի առնել, որ Սիրիայի ժողովրդի մի ստվար զանգված կողմնակից է Բաշար ալ- Ասադին, և այն հատվածն էլ, որը միգուցե երեք տարի առաջ կողմ չէր նրա մնալուն, տեսնելով այս «ընդդիմադիրների» իրական իշխանությունը՝ հիմա արդեն կողմնակից է. կոպիտ ասած՝«խալիֆայության» առաջնորդի ֆոնին Բաշար ալ-Ասադն ուղղակի հրեշտակ է:

Իրանի նախագահ Ռուհանին փոքր-ինչ զարմանալիորեն քննադատում է ԱՄՆ-ին՝ Իրաքում ընդդեմ ԻԱԻՊ-ի ցամաքային գործողություններից հրաժարվելու համար, քանի որ ԱՄՆ-ն միայն օդուժով է որոշել սահմնափակվել: Մյուս կողմից՝ Իրանին չկանչեցին Փարիզում կայացած երեսուն երկրների խորհրդակցությանն իրաքյան թեմայով, որտեղ քննարկվում էր ԻԱԻՊ-ի դեմ գործողությունների հարցը, չնայած նրան, որ Իրանը փաստացի ներգրավված է ԻԱԻՊ-ի դեմ գործողություններին՝ օգնելով իրաքյան կառավարությանը, ըստ լուրերի՝ նաև զինուժով: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը. արդյո՞ք առանց Իրանի հնարավոր է խնդրի լուծումը, եւ արդյո՞ք ԱՄՆ-ն ու Իրանը ստիպված չեն լինելու այս հարցում ավելի սերտ համագործակցել:

Կա մի հետաքրքիր երևույթ. ոչ ոք չի խոսում այն մասին, որ իրանական ինքնաթիռները իսլամիստներին հարված են հասցրել մինչև ամերիկացիների հայտնվելը, այսինքն՝ իրանցիները առաջիններից մեկն են, որ օդային հարձակումներ իրականացրին, մասնակցեցին նույնիսկ ցամաքային գործողություններին: Իրանը լուրջ աջակցություն ցույց տվեց Բաղդադի կենտրոնական իշխանությանը, Քրդական ինքնավարության երկրորդ քաղաքական ուժին՝ Քրդստանի հայրենասիրական միությանը, որը ունի ավելի իրանամետ դիրքորոշում, քան Քրդստանի ժողովրդական կուսակցությունը, այսինքն՝ Թեհրանը ասպարեզում վաղուց կար և իր հասանելիք պայքարը արդեն իսկ մղում էր իսլամիստների դեմ՝ մինչև ԱՄՆ-ի կողմից այս վերջին դաշինքի ձևավորումը: Կա, սակայն, այսպիսի հետաքրքիր փաստ. Իրանը պատմականորեն այս տարածաշրջանի հզոր գերտերություններից է, հետևաբար՝ այս երկիրը խնդիր ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ցանկացած ուժի կողմից ղեկավարվող դաշինքի մասնակցելու, որովհետև իրանցիները կարծում են, որ ունակ են դաշինք ղեկավարելու և ոչ թե ղեկավարվելու դաշինքը առաջնորդողի կողմից: Այս առումով Իրանը միշտ խաղալու է սեփական խաղը, այսինքն՝ գործելու է սեփական շահերի տեսանկյունից, չի հրաժարվելու Իրաքի և Մերձավոր Արևելքի հանդեպ մշակված սեփական երկարաժամկետ քաղաքական ուղեգծից: Իրանի հոգևոր առաջնորդը ունի բավական կոշտ դիրքորոշում, միանշանակ հայտարարում է, որ Իրանը որևէ համագործակցության չի գնա ԱՄՆ-ի հետ այդ ասպարեզում: Մյուս կողմից՝ Իրանի նախագահը, որն անշուշտ պետք է իրականացնի հոգևոր առաջնորդի քաղաքական ուղեգիծը, ավելի մեղմ ազդակներ է հղում Արևմուտքին, ինչի մասին վկայում է մասնավորապես նրա վերջին հանդիպումների շարքը: Այս առումով միգուցե Իրանը որոշակիորեն օգտվի իրեն ուղղված մասնակցության կոչերից և դրա դիմաց ստանա նկատելի զիջումներ այլ ոլորտներում: Կարծում եմ՝ միանշանակ է, որ նման պայմաններում Թեհրանի միջուկային ծրագիրը դադարելու է Արևմուտքի կողմից նման սրությամբ արծարծվել և ուռճացվել: Իրանը հստակորեն կհաջողի նաև պատժամիջոցների զգալի մասը վերացնելու ուղղությամբ, ինչի դիմաց գուցե որոշ համագործակցություն  լինի, բայց դրա մասին դժվար թե բարձրաձայն հայտարարվի: Ամեն դեպքում՝ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային այս գերտերությունը եթե համագործակցի, ապա դա կանի բացառապես սեփական շահերի տեսանկյունից: 

Անդրադառնանք ԻԱԻՊ-ի հաջողություններին և հնարավոր զարգացումներին: Շատերը կարծում են, որ ԻԱԻՊ-ի հաջողությունները ժամանակավոր են, մինչդեռ խալիֆայություն հռչակած այդ խմբավորումը ոչ միայն շարունակում է նոր տարածքներ գրավել Միջագետքում եւ Ասորիքում (օրինակ՝վերջերս մոտ վաթսուն  գյուղ Ասորիքի հյուսիսում՝ քրդական շրջաններում), ոչ միայն չի երեւում տեղական որեւէ  ուժ (քրդեր, այսպես կոչված սիրիական «չափավոր» ապստամբներ, Ասադի ռեժիմը, Իրաքի կառավարական զորքերն ու շիական աշխարհազորը), որը կարողանա նրանց ջախջախել, այլեւ, ըստ հասած լուրերի՝ ԻԱԻՊ-ն իր կառավարման տարածքներում կառավարման արդյունավետ համակարգ է ստեղծում՝ ապահովելով բնակչության նվազագույն անվտանգությունը եւ բարեկեցությունը, նաեւ վայելելով տեղական աշխարհիկ՝ բաասիստական ուժերի աջակցությունը: Այդ պայմաններում ինչպե՞ս եք տեսնում ԻԱԻՊ-ի դեմ պայքարի եւ ԻԱԻՊ-ի հետագա ծավալման հեռանկարները:

Կարծում եմ՝ այս խմբավորման դեմ պայքարի մեթոդաբանությունը մշակելու համար շատ կարևոր է զանազանել երկու կարևոր հասկացություն. մենք արդեն գործ չունենք ահաբեկչական կազմակերպության հետ, այլ գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որի իշխանության բուրգի վերևի հատվածում կանգնած է ահաբեկչական կազմակերպություն: Չնայած որ դա կեղծ պետություն է, չի համապատասխանում պետության դասական կամ ընդունված չափորոշիչներին, բայց, այսուհանդերձ, գործ ունենք զգալի բյուջե ունեցող կազմավորման հետ: Բնականաբար՝ պայքարը կեղծ պետության դեմ և ցանկացած տիպի պետության դեմ ավելի բարդ է լինելու, քան պայքարը կազմակերպության դեմ: Միանշանակ է, որ այսօր ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր գերտերությունն է, և աշխարհում շատ քիչ պետություններ կան, որ կարող են ռազմի դաշտում գերակշռության հասնել կամ լուրջ դիմադրություն ցույց տալ նրան, սակայն միայն ավիահարվածներով դժվար եմ պատկերացնում այդ հաջողությունը, համենայն դեպս՝ առկա պատերազմների փորձը ցույց է տալիս, որ այդ ավիահարվածներով խնդիրը չի լուծվում: Խնդիրը շատ հաճախ վերջնական լուծում չի ստանում անգամ ցամաքային գործողության ընթացքում, օրինակ՝ Աֆղանստանը կամ Իրաքը, որտեղ հետո կոնֆլիկտի երկրորդ էսկալացիա տեղի ունեցավ: Ըստ իս՝ համալիր միջոցառումներ են պետք. առաջինը՝ ռազմական հարվածներին զուգահեռ՝ դադարեցնել ամեն տեսակի օժանդակությունը այս կազմակերպությանը, նկատի ունեմ՝ թե՛ գաղտնի, թե՛ բացահայտ աջակցությունը. մասնավորապես՝ օժանդակության ձև է նավթի մաքսանենգ վաճառքի գործում միջնորդի դեր ստանձնելը, որը իրականացնում է Թուրքիան, և բոլորը քաջատեղյակ են դրանից, սակայն ես չեմ հանդիպել պաշտոնական քննադատություն Թուրքիայի հասցեին դրա վերաբերյալ: Երկրորդ՝ Թուրքիան ունակ է պահել Սիրիայի հետ սահմանը: Փորձը ցույց տվեց, որ եթե խոսքը Քրդստանի բանվորական կուսակցության համակիրների մասին է, որոնք ձգտում են սահմանը հատել և պայքարել իսլամիստների դեմ, Անկարան կարողանում է լավ փակել սահմանը, չնայած մինչ այդ հայտարարվում էր, և տեսնում էինք, թե ինչ հեշտությամբ էին իսլամիստները անցուդարձ կատարում, այսինքն՝ երկիրը ի վիճակի էր դա իրականացնելու: Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է որոշակիորեն ազատվել պատրանքից, որ քրդական Փեշմարգան ունակ է լուրջ ու երկար դիմադրություն ցույց տալու: Անշուշտ, ինչպես ասում են՝ երաշտ տարում ջրի մի կաթիլն էլ օգուտ է դաշտին,  բայց լուրջ դիմադրություն նրանք չեն կարողանում ցուցաբերել: Պայքարն ակնհայտորեն երկարատև է լինելու, այսինքն՝ դժվար է հավատալ կամ ասել, որ կարճաժամկետ հեռանկարում կունենանք այս կազմակերպություն-պետության ոչնչացում. կարող է լինել որոշակի թուլացում, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Եթե նշված և մի շարք այլ պայմաններ ապահովվեն, կամ եթե քաղաքական վճիռներ կայացնողները կամք ցուցաբերեն, միգուցե երեք-չորս տարվա հեռանկարում այս խնդիրը լուծվի, եթե, իհարկե, չկա գաղտնի խաղ, որի նպատակն է այս գործոնը օգտագործելով՝ որոշակիորեն թուլացնել Բաշար ալ-Ասադի դիրքերը կամ ուղի հարթել՝ հետագայում ավիահարվածներ հասցնելու սիրիական պետական բանակի դիրքերին: Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» հետագա առաջընթացին, ապա թեպետ հիմա մի ուղղությամբ ծավալվում են, բայց արդեն մի փոքր բարդ կլինի, որովհետև հատկապես Սիրիայի տարածքին հասցրած ավիահարվածները շատ հուժկու էին, և զգալի վնաս հասցվեց «Իսլամական պետության» մայրաքաղաք հռչակված Ռաքային, որտեղ ջիհադականներն իրենց ակնհայտ ապահով էին զգում. դա նշանակալի հարված էր, քանի որ ռազմական, տնտեսական և քաղաքական ենթակառուցվածների կարևոր կենտրոն էր, ոչ թե ընդամենը մի գյուղ կամ անապատով սուրացող մի քանի ամենագնաց: Այժմ «Իսլամական պետության» խնդիրը լինելու է առկա իրավիճակը առնվազն կայունացնելը և դրա վրա վերահսկողություն սահմանելը, բայց չի էլ բացառվում, որ պատեհ առիթների դեպքում, բնականաբար, ընդարձակման փորձ կլինի. ուղղակի կարծում եմ, որ այս պարագայում գուցե իսլամիստների ռեսուրսները չբավականացնեն:

Շատ խոսվեց ԻԱԻՊի առաջխաղացման հետևանքով Իրաքում եզդիների ցեղասպանության մասին: Տուժել են նաեւ Միջագետքի եւ Ասորիքի քրիստոնյաները, այդ թվում՝ տարբեր դավանանքների ասորիները եւ հայերը: Ի՞նչ տեղեկություններ կան այժմ հյուսիսային Իրաքի քրիստոնյաներից, որոնց զգալի մասն առանց այդ էլ լքել էր երկիրը վերջին տարիներին:

Ես կոնկրետ թվային տվյալներին չեմ հետևել, բայց եթե փորձենք վերլուծել վերջին տարիների ընդհանուր տենդենցը՝ այսպես ասած՝ հետսադամյան Իրաքի կտրվածքով, ապա կտեսնենք, որ լրջագույն վնաս է հասցվել տեղի հնագույն քրիստոնեական համայնքներին, որոնք ոչ թե նոր շրջանում կամ ուշ միջնադարում ձևավորված համայնքներ են, այլ, կարելի է ասել՝ քրիստոնեության արշալույսից ի վեր գոյություն ունեցող համայնքներ: Եթե չեմ սխալվում, Իրաքի մեկուկես միլիոն գնահատվող քրիստոնեական համայնքից հիմա խոսքը մոտավորապես կես միլիոն մարդու մասին է, այսինքն՝ մի զգալի մասը լքել է տարածքը: Քրիստոնյա բնակչություն ունեցող Իրաքի տարածքներում «Իսլամական պետության» վերջին հաջողություններից հետո Ֆրանսիան հանդես եկավ ինձ համար տարօրինակ որոշմամբ՝ խոսելով այն մասին, որ պատրաստ է ապաստան տրամադրել Իրաքի տարածքից դուրս եկող քրիստոնյա ասորիներին: Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ որոշում կայացնել տեղում քրիստոնյա համայնքների անվտանգությունը ապահովելու մասին: Հասկանալի է, որ միգուցե Ֆրանսիայի շահերի տեսանկյունից լավ է, որ քրիստոնեական, այն էլ՝ աշխատասեր և գործունյա համայնքը գնա այդ երկիր, քանի որ կնպաստի Ֆրանսիայի ընդհանուր իրավիճակի բարելավմանը՝ կապված մահմեդական ներգաղթյալ տարրի գերակայության հետ, բայց դա ամենևին էլ խնդրի լուծում չէ:

Մերձավոր Արևելքը ժամանակին քրիստոնեության կենտրոնն էր, նրա բնօրրանը և մինչև վերջերս ուներ ավանդական հոծ քրիստոնեական համայնքներ, որոնք ապահովում էին սքանչելի մոզաիկա. ուղղակի ափսոս էր այդ համայնքները կորցնել, ոչ միայն մարդասիրական, այլև թեկուզ հետազոտողի տեսանկյունից: Նույնը վերաբերում է եզդիներին, որոնք ևս Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Միջագետքի էթնիկ դավանական լանդշաֆտի յուրօրինակ գոհարներից էին թե՛ հետազոտողի, թե՛ մարդասիրական տեսանկյունից. հնագույն կրոն, որ հասել է մինչ մեր օրերը, ունի գեղեցիկ ավանդույթ և ամենակարևորը՝ խաղաղություն քարոզող կրոն է:

Փաստորեն, սակայն, իրականության մեջ ոչինչ չի փոխվել. ի՞նչ տարբերություն 20-րդ դարի և 21-րդ դարի ցեղասպանությունների միջև. որևէ տարբերություն չկա, տարբերությունն այն է, որ հիմա գունավոր լուսանկարներ են տպում, բայց մարդկային ողբերգությունը դրանից բոլորովին չի փոխվում և չի դառնում ուրախ հանդիսություն: Այս առումով պատասխանատվությունը առաջին հերթին հենց նրանցն է, որոնք ծրագրում էին Մերձավոր Արևելքում ինչ-որ փորձարարություններ անել, այնինչ չի կարելի մարդու, մարդկային հասարակության վրա փորձ անել, իսկ իրականում դա արվում է՝ հանգեցնելով ողբերգական հետևանքների: Հեռու չէ այն օրը, որ այդ հետևանքները կարող են հասնել այնտեղ, որտեղ չեն էլ սպասում: Տեսեք՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի քաղաքացիների տասնհինգ տոկոսը, որոնք հիմնականում Ասիայից և Աֆրիկայից մահմեդական ներգաղթյալներ են, համակրանք ունի «Իսլամական պետության» հանդեպ, մինչդեռ նույնիսկ իրենց նախագահը այդպիսի աջակցություն չի վայելում: Շատ բարդ է ասել, թե ավանդականության նկատմամբ քայքայիչ մոտեցում ցուցաբերելը ուր կհասցնի: Չգիտես ինչու՝ ավանդականությունը, որպես կանոն, միայն թշնամական են ընկալում՝ անկախ նրանից՝ դա դրակա՞ն է, թե՞ բացասական. բնականաբար՝ բացասականից պետք է ազատվել, դրականն էլ՝ պահպանել և զարգացնել, բայց, փաստորեն, ստացվում է, որ  ավանդականությունը պիտի դուրս մղվի, մասնավորապես՝ քրիստոնեության տեսքով: Արևմուտքում շատ դեպքերում համատարած ծաղր է քրիստոնեության հանդեպ. ասենք, Christmas գրել չեն ուզում, որովհետև գուցե «վիրավորեն» մեկին… Քրիստոնեությունը այն մշակութային-քաղաքակրթական հենարանն է, որի վրա ձևավորվել է եվրոպական քաղաքակրթությունն ընդհանրապես, և եթե քանդում ես քո տան հիմքը, չպիտի ակնկալես, որ տանիքդ կայուն կմնա. դա էլ մի օր կփլուզվի:

Արդյո՞ք Միջագետքի այդ մասերում հայեր կան, եւ ի՞նչ տեղեկություններ կան նրանց մասին: Ինչո՞վ Հայաստան պետությունը եւ Հայաստանի հասարակությունը կարող են աջակցել տարածաշրջանի կրոնական եւ ազգային փոքրամասնոթյուններին՝ եզդիներին, ասորիներին, որոնց հետ կապված ենք ամենասերտ պատմամշակութային կապերով, եւ, իհարկե, տեղացի հայերին: Բացի միանվագ օգնությունից կամ զուտ մարդասիրական գործողություններից՝ կարո՞ղ են լինել արդյոք այլ՝ ավելի երկարատեւ եւ հեռանկարային ծրագրեր:

Ցավոք սրտի՝ կարելի է ամրագրել, որ Իրաքի հայ համայնքն այնքան թուլացած է, որ դժվար է այլևս խոսել լիարժեք կառույցի մասին: Օրինակ՝ Սիրիայի հայությունը, որը խոշոր և ազդեցիկ համայնք էր, այսօր լրջագույն դժվարություններ ունի: Ես կարծում եմ, որ Իրաքի տարածքում հայերը այլևս անելիք չունեն. պատրանք է կարծել, որ այնտեղի հայ համայնքը կվերագտնի իր կարողությունները, կկարողանա կրկին ինքնակազմակերպվել, և որքան շուտ իրականացվի այնտեղ մնացած հայերի ներգաղթը ՀՀ, այնքան մենք կշահենք, հակառակ դեպքում այդ մարդիկ այս կամ այն կերպ դուրս են գալու տարածքից, և հայտնի չէ՝ ուր են գնալու, կամ ենթարկվելու են սպանդի: Այս առումով, կարծում եմ, մեր հասարակության կարևոր անելիքներից է այն, որ գոնե քարոզչական մակարդակում ՀՀ-ն այնպես ներկայացվի, որ մարդիկ ցանկանան գալ Հայաստան:

Ինչ վերաբերում է պետության անելիքին, ապա ես ներկայացնում եմ հասարակությունը. պետական տեսակետը չեմ կարող ներկայացնել, բայց երևի ճիշտ կլիներ ունենալ ներգաղթի կազմակերպմամբ զբաղվող ծրագրման կենտրոն, որը կունենար մասնագետների ավելի լայն սպեկտր՝ սկսած սոցիալական աշխատողներից, վերջացրած տարածաշրջանի, զանազան համայնքների մասնագետներով, որովհետև տարբեր համայնքների ներկայացուցիչներ ունեն տարբերություններ մեկը մյուսից, և մի համահարթեցված ծրագրով դա իրականացնելը բավական բարդ կլինի: Շատ լավ կլիներ, եթե նման մի կառույց աշխատեր (եթե, իհարկե, չկա)՝ իրականացնելով համապատասխան քաղաքականություն և ծրագրեր: Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ տեսանելի ապագայում իրավիճակը Մերձավոր Արևելքում դժվար թե բարելավվի, հետևաբար՝ այդ համայնքները տեղում իրենց վերագտնելու հնարավորություն հազիվ թե ունենան: Նույնը վերաբերում է նաև մեր բարեկամ և բախտակից ասորիներին:

Եզդիների պարագայում դեռևս կա իրական հնարավորություն Հյուսիսային Իրաքի նրանց բնօրրանում ինքնակազմակերպվելու և ստեղծելու եզդիական առնվազն ինքնավար պետականություն, և մենք հնարավոր ամեն ինչ պետք է անենք դրան նպաստելու համար բոլոր մակարդակներում:  

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Բրազիլիայում. Գործող նախագահը չի կարողացել հաղթել առաջին փուլում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Զաքարյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ’