‘Վարդան Պետրոսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց’

775

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Վարդան Պետրոսյանին կալանավորել են և դատարանի դահլիճից տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Այդպիսով, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ Ոստիկանության միջնորդությունը: Դերասանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (փոխադրամիջոցի հետ անզգույշ վարվելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան): Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին կայացվել էր Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում` հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի առնչությամբ, որի հետևանքով երկու մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, ավտովթարից տուժել էր 7 մարդ, որոնց թվում` նաև Վարդան Պետրոսյանը: Նրան վիրահատել են և նոյեմբերի 3-ին դուրս գրել հիվանդանոցից:«Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծվել է «Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին» խումբ, որը մեկ օրում հավաքել է ավելի քան 4 հազար «լայք»:

Ավելացնենք, որ վերջին ժամանակներս Վարդան Պետրոսյանը հրապարակավ հանդես էր գալիս հակաիշխանական հայտարարություններով: Կարծիք կա, որ նրա նկատմամբ գործը կարող է առնչվել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում դերասանի ելույթին, որի ժամանակ նա սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի իշխանություններին:

Նախորդ հոդվածը‘Ըստ քաղաքացու հաղորդման` քննիչը սպանության սպառնալիք է տվել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բանակը հսկողություն է հաստատել Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին’