‘Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն իրականացնելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է ‘

844

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում դերասան Վարդան Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով իրականացնել նոր, անկախ փորձաքննություն: Նրանց խոսքով, եթե Վարդան Պետրոսյանի գործով տեղի ունենա անկախ փորձաքննություն, ապա միանշանակ կհաստատվի, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, ինչպես որ բացահայտվեց դատական նիստերի ընթացքում: Արդյունքում՝ կհաստատվի նաեւ, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղսագրված ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել:

We support Vardan Petrosyan (Մենք աջակցում ենք Վարդան Պետրոսյանին) նախաձեռնության անդամները  ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել, որով տեղեկացնում են, որ ստորագրահավաքը կշարունակվի նաեւ այսօր՝ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում՝  ժամը 19:00-21:30:

«Հաշվի առնելով, որ Վարդան Պետրոսյանի գործով կատարված առաջին դատաավտոտեխնիկական փորձաքննությունից հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր փաստեր եւ ապացույցներ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով ու կեղծիքներով, մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Վ. Պետրոսյանի գործով տեղի ու ունենա նոր եւ անկախ փորձաքննություն»,- նշվում է բլանկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

 

Նախորդ հոդվածը‘Նախարարությունը դատապարտում է բժշկի նկատմամբ բռնության կիրառումը’
Հաջորդ հոդվածը‘Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքի դիմաց կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը’