‘Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Դերասանի ցավակցական խոսքը դատավորը ընդհատեց ‘

1648

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է  Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։  Վերջինիս արդեն բերվել է դատարան։ Դահլիճում են նաեւ վթարի հետեւանքով մահացած Էդգար Հակոբյանի ծնողներն ու քույրը, ովքեր մեր թղթակցին ասել են, որ վթարի մյուս զոհի՝ Էդվարդի հարազատները նույնպես դատարանի ճանապարհին են։

News.am-ը հայտնում է, որ դատարանի դահլիճում են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Իվան Սերժեֆը, եւ դեսպանատան արարողակարգի պետ Հակոբ Ղազարյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին չէր ներկայացել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նախապես դիմում էր ներկայացրել դատարան` համաձայն որի` ինքն այդ ժամին այլ դատական գործի է և չի կարող ներկայանալ, ապա պետք է մասնակցի պարտադիր վերապատրաստման դասընթացի: Նա խնդրել էր հաջորդ դատական նիստը նշանակելիս հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիայից 2 պաշտպաններ են գալիս` մասնակցելու դատական նիստին: Նրանք մարտի 25-ին են ժամանելու:

Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ` Վարդան Պետրոսյանը խոսքի իրավունք խնդրեց և փորձեց ցավակցական խոսք ուղղել տուժողներին: Դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը ի պատասխան նշեց. «Ավելի լավ է էդ ուռոդը չգա (նկատի ուներ Նիկոլայ Բաղդասարյանին-խմբ.), տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»:

Դատավորը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 28-ին:

Նախորդ հոդվածը‘Օդեսայի հայ համայնքն անհանգստացած է ‘
Հաջորդ հոդվածը‘Հ1-ի եթերում կարգելեն առևտրային գովազդը’