‘
Երեկ Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դերասանի պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մարի Լոռ Դոզեն հանդես եկան պաշտպանական ճառով, իսկ Վարդան Պետրոսյանը՝ վերջին խոսքով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին, որի ժամանակ կողմերը հանդես կգան ռեպլիկի իրավունքով:
Հիշեցնենք, որ իր վերջին խոսքում դերասանը խոսեց երկու կողմերի ընտանիքների միջեւ հաշտեցման փորձերի մասին: Նա նշեց, որ օգոստոսի 12-ին նրանց միջեւ տեղի է ունեցել հանդիպում, որի մասին մինչ հոկտեմբերի 25-ը չի բարձրաձայնվել: «Լրատվամիջոցներից մեկին տրված իր հարցազրույցում Ռուբեն Բալոյանը ասել է, թե իմ հարազատները չեն մասնակցել երեխաների մահվան տարվա արարողությանը: Բալոյանի խոսքով՝ 1 տարվա ընթացքում իմ հարազատները չեն գնացել որեւէ մարդասիրական քայլի, որովհետեւ ես վախենում եմ զոհված ընտանիքին օժանդակություն ցուցաբերել, քանի որ դա կարող է դիտարկվել որպես իմ մեղավորության ընդունում: Հենց այս պատճառով էլ ես ցանկանում եմ հայտարարել, որ Բալոյանի ասածները ոչ արժանահավատ են, քանի որ երեխաների մահվան տարելիցից առաջ իմ ազգականները խոսել են նրանց ընտանիքի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ պայմանավորվել են միասին գնալ գերեզմաններ եւ ցավակցել: Ավելին՝ ընտանիքիս անդամների կողմից համացանցում գրվել է ցավակցություն»,- իր վերջին խոսքում բարձրաձայնեց Վարդան Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ռուբեն Բալոյանը նույնպես կարդացել է այդ ցավակցությունը:
«Ահա այս ամեն ինչից հետո մենք տեսնում ենք այսպիսի մի հոդված, որտեղ փաստաբանը փորձում է հասարակական կարծիք ստեղծել, թե իմ կողմից ոչ ոք չի ցանակնում գնալ հաշտեցման»,- հայտարարել է Վարդան Պետրոսյանը՝ հավելելով՝ «ով ուզում է հաշտվել՝ փնտրում է առիթ, իսկ ով չի ուզում՝ փնտրում է պատճառ»:
Նշենք նաեւ, որ դատական նիստի ողջ ընթացքում տիրում էր լարված մթնոլորտ տուժող կողմի եւ պաշտպանական կողմի միջեւ: Ինչպես փոխանցում է Hetq.am-ը, դատական նիստի ավարտին տուժող Արթուր Հակոբյանը վիժվածք է անվանել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, ինչին ի պատասխան Բաղդասարյանը միջնորդել է դատարանին՝ քրեական գործ հարուցելու համար դիմել դատախազին:
Երեկ պաշտպանական ճառով են հանդես եկել նաեւ դերասանի փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոռ Դոզեն, ով իր ճառում խոսել է Հայաստանի դատավարության մասին՝ այն որակելով սոսկալի: Նա նշել է, որ այստեղ կատարվում է ամեն ինչ՝ բացի դատավարությունից: «Իրականացվող գործընթացը նման է «Reality show»-ի: Ես ողջ դատավարությունից մի հսկայական խառնաշփոթի տպավորություն եմ ստանում: Ուզում եմ վստահեցնել, որ նույնիսկ առաջին անգամ գալով Հայաստան եւ տեսնելով Վարդան Պետրոսյանին պատգարակների վրա՝ կարծում էի, որ ինչ-որ բան հնարավոր է անել: Սակայն այժմ ուղղակի զարհուրած եմ այս դատական ավերածությունների դաշտից. արվում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Պետրոսյանը բանտում պահվի»,- հայտարարել է փաստաբանը:
‘