‘Վարդան Պետրոսյանի պաշտպանը քննիչին բացարկ կներկայացնի’

892

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը  Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն շուտով  կներկայացնի ոստիկանության Նաիրիի բաժանմունքի քննիչ Հայկ  Հակոբյանին բացարկ հայտնելու  միջնորդություն:   

Պաշտպանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ  քննիչը շրջանցում է օրենքը՝ կողմին չտրամադրելով գործի փաստաթղթերը՝   արձանագրություններ,  փորձաքննություն նշանակելու որոշում,  ինչպես նաև դեռևս երեկ ստացված փորձագիտական եզրակացությունը:  

Քննիչը կիսատ է թողել  Վ.Պետրոսյանի հարցաքննությունը,  այն չեն ստորագրել ոչ դերասանը, ոչ նրա պաշտպանը, իսկ վերջինիս  նաև   հնարավորություն չի տրվել  առարկություն ներկայացնել:    Ն.Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց, որ քննիչն այսօր իր բացակայությամբ փորձել է հարցաքննել   իր պաշտպանյալին, նրան փաստորեն խաբելով, թե իբր «պաշտպանդ չի եկել, որովհետև խաշ ուտելու է գնացել»:  Երբ Վ.Պետրոսյանը հրաժարվել է առանց պաշտպանի հարցաքննվել, քննիչը սկսել է հարցեր տալ: Քննիչը նաև  մի քանի անգամ  առաջարկել է Վ.Պետրոսյանին նոր պաշտպան ներգրավել գործում, թեև վերջինս որևէ ցանկություն չի հայտնել իր պաշտպանից հրաժարվելու մասին, հակառակը` պնդել է, որ ինքն արդեն պաշտպան ունի:    Ն.Բաղդասարյանը հայտնեց նաև, որ ինքը պատրաստվում է մի քանի հեղինակավոր անձանց անունից    երաշխավորագիր ներկայացնել առ այն, որ  ազատության մեջ գտնվելով՝    Վ.Պետրոսյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի՝ այն դեպքում, որ ըստ Ն.Բաղդասարյանի, վարույթ իրականացնող մարմինը պատշաճ վարքագիծ չի դրսևորում:        

Հիշեցնենք, որ  Վարդան Պետրոսյանը կասկածյալ  է  Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ի  ավտովթարի գործով,  շուտով լրանում է նրան ձերբակալվածի կարգավիճակում պահելու օրենքով նախատեսված ժամկետը: 

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն դիտորդների ցանկացած առաջարկ կընդունի՝ հանուն ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման’
Հաջորդ հոդվածը‘Քրիստոնյա հոգևորականը կդառնա «Մուսուլման եղբայրներ» կուսակցության առաջնորդներից մեկը’