‘Վարդան Սեդրակյանը ԱԱԾ-ում է. Նրան, հավանաբար, մեղադրանք կառաջադրվի’

1266

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներկայումս գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում, եւ ըստ ամենայնի նրան առաջադրվում է մեղադրանք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Նշված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածին՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։  
 
Մեղադրանքի առաջադրումը ենթադրում է, որ էպոսագետը միանգամից կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում եւ կներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։ 
 
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:
 
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց նախապատրաստվել ապրիլի 9-ին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հռչակավոր դերասան Վալերի Զոլոտուխինը վերակենդանացման բաժին է տեղափոխվել’