‘Վարդան Օսկանյանին վերագրվող հոդվածը կարող է վերագրվել նաև Աղվան Հովսեփյանին. Նիկոլ Փաշինյան’

196

Վարդան Օսկանյանին վերագրվող ՀՀ ՔՕ 179 հոդվածը (յուրացնելը կամ վատնելը) կարող է վերագրվել նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Wolksvagen մակնիշի ավտոմեքենան, որով Աղվան Հովսեփյանը ժամանել է ԱԺ, պատկանում է ոչ թե իրեն, այլ բոլորովին ուրիշ անձի: Իրական սեփանակատիրոջ փաստաբանն այդ փաստը հաստատող փաստաթղթով է հանդես եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում: Սեփականատերը ցանկանում էր հետ ստանալ մեքենան, բայց հաջողության չի հասել: Հարց է ծագում, թե ինչո՞ւ քրեական գործ չեն հարուցել մամուլի հրապարակումների հիման վրա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ մեքենան կարող է արժենալ 110.000 դոլար, և կարող է խոսք լինել նույնպիսի խոշոր չափերի գումար յուրացնելու մասին: Փաշինյանի համոզմամբ՝ Հովսեփյանը պետք է պաշտոնանկ արվի, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի կալանքը:

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ սա նախագահական ընտրություններից առաջ քաղաքական շոուի բեմականացում է, և Մարտի 1-ի էջը փակելու խնդիր է դրված:

«Կոմպրոմիսը մարտի մեկի ոճրագրողծների հետ հնարավոր չէ: 2008-ի մարտի մեկին ժողովրդին գնդակահարած խմբավորման ղեկավար անդամներին չեմ պատրաստվում պաշտպանել նույն խմբավորման այլ անդամների հարձակումներից»:

Նախորդ հոդվածը’12 հազար ուկրաինացի համաշխարհային ռեկորդ են սահմանել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստն ավարտվեց, հաջորդ նիստը՝ վաղը ժամը 12.00-ին’