‘Վարդան Օսկանյան. Դատախազի միջնորդագիրը քաղաքական պատվեր է ‘

1046

«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից», — CivilNet-ի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: 

«Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:

Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:

Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել:

Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում և այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին», — ասել է Վարդան Օսկանյանը:

Նախորդ հոդվածը‘Որ Քոչարյանը իլյուզիաներ չփայփայի’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը օգնություն է ուղարկել Սիրիայի հայ համայնքին’