‘Վարդան Օսկանյան. Ես որեւէ խոստովանություն չեմ արել’

948

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է իր դեմ հարուցված քրեական գործի կարճման փաստին:

Վերջապես ավարտվեց իմ դեմ սկսած և ավելի քան մեկ տարի տևած անհեթեթ հետապնդումը: 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետևյալը:

Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:

Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել: 

Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի:

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Իմ և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ռազմիկ Զոհրաբյանի օֆիսը Կառավարությանը մոտ է, թող չալարի՝մտնի հարցնի ‘
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենը՝ քաղաքապետին. Թանկացումը դատապարտելի է, եթե կատարվում է օրենքի խախտումով ‘