‘Վարդան Օսկանյան. Հայաստանում նախագահական ընտրությունը միշտ դիտարկվել է որպես տրանսֆորմատիվ իրադարձություն մեր երկրի համար ‘

764

Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել: Օսկանյանն անդրադառնում է առաջիկա նախագահական ընտրություններին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Պատմության յուրաքանչյուր տրանսֆորմատիվ իրադարձության նախորդող և հաջորդող ժամանակահատվածում միշտ իրար են բախվում այդ պահին առկա շարունակականության և փոփոխության ուժերը: Տրանսֆորմացիայի հաջողությունը կախված է լինում նրանից, թե այդ ուժերից որն է հաղթում: 

Օրինակ, Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած` 18-րդ դարի առաջին կեսի Եվրոպայում շարունակականությանը նպաստում էին թագավորական ինստիտուտները, եկեղեցին, հողատերերը և խաղաղության նկատմամբ մեծ պահանջարկը, իսկ փոփոխության ուժերը՝ բնակչության աճը, ինդուստրիալիզացիան, նացիոնալիզմը, լիբերալիզմը, դեմոկրատիան և սոցիալիզմը դարձան գերակշռող և հանգեցրին հիմնարար ինստիտուցիոնալ փոփոխությունների:

Շարունակականության և փոփոխության ուժերը բախվեցին նաև Խորհրդային Միության փլուզման օրերին և ավարտվեցին փոփոխության ուժերի հաղթանակով: 

Հայաստանում նախագահական յուրաքանչյուր ընտրություն, հաշվի առնելով մեր պետականության կարճ ժամանակահատվածը, քաղաքական հեղհեղուկ վիճակը, ինչպես նաև երկրի ոչ բարվոք վիճակը, միշտ դիտարկվել է մեր երկրի համար որպես տրանսֆորմատիվ իրադարձություն: Բնականաբար մեզ մոտ նույնպես փոփոխության և շարունակականության ուժերը կբախվեն իրար:

Այդ ուժերը կարող են բազմապիսի լինել, բայց ես կառանձնացնեի հետևյալը:

Շարունակականության ուժեր
1. Քաղաքական-տնտեսական էլիտայի շահեր. այս երկու տասնամյակների ընթացքում մեր հիմնարար բացթողումների արդյունքում Հայաստանում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական-տնտեսական էլիտա՝ իր թևերով ու արմատներով, որ, որքան էլ պարադոքսալ, դրա միջոցով է հնարավոր փոփոխությունը, բայց ամենաշատը հենց դա է շահագրգռված շարունակականության մեջ: 

2. Համակարգին սպասարկող լրատվամիջոցների գերիշխանություն. իրականությունը աղավաղված ներկայացնելով՝ դրանք էապես ազդում և ուղղորդում են հասարակությանը՝ ի նպաստ շարունակականության: 

3. Այլընտրանքի խարխլում. սա արտահայտվում է ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի դիրքորոշումների աղավաղման, միասնական թեկնածուի հնարավորության բացառման, մրցակցությունից խուսափելու և քաղաքական վեճը գաղափարական հարթությունից անհատների և շահերի հարթություն տեղափոխելու հետևողական փորձերի միջոցով:

4. Ղարաբաղյան պատերազմի վտանգ. հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններին հաճախ հաջորդել է ներքին անկայունություն և պառակտում, հասարակության մոտ միշտ կա այն մտազուգորդումը, որ ցանկացած տրանսֆորմացիա կարող է հանգեցնել ներքին անկայունության, որից կարող են օգտվել մեր թշնամիները: 

Փոփոխության ուժեր
1. Դեմոգրաֆիկ ճգնաժամ. սա երևի ամենաազդեցիկ ուժն է: Երկրում մնացողները գիտակցում են, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում հաջորդ տասնամյակում Հայաստանը կհայտնվի շատ ծանր վիճակում: Պաշտոնական վերջին տվյալներով, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը 90 հազարով ավելի է եղել մուտք գործողների թվից: Սա, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանում մնացողների մոտ՝ նրանց մղելով իրականացնելու լրջագույն համակարգային փոփոխություններ:

2. Լայն զանգվածների դժգոհություն/քաղաքացիական հասարակության զարթոնք. այսօր ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի: Եթե մինչ այսօր այդ դժգոհությունները որևէ ձևով իրենց արտահայտությունը չէին գտնում հասարակական բողոքի ձևով, այսօր ինչ-որ տեղ, շնորհիվ քաղաքացիական հասարակության զարթոնքի, ինտերնետի և սոցցանցերի, հաջողություն է արձանագրվում՝ թեկուզ ոչ շատ մեծ հարցերում: Սա առնվազն հույս է ներշնչում, որ երկրի համար հրատապ խնդիրների շուրջ ընտրությունների ճանապարհով զանգվածային դրսևորումները առավել կազմակերպված ու առավել ազդեցիկ կարող են լինել:

3. Ընտրությունների միջոցով գոնե մեկ անգամ փոփոխության անհրաժեշտություն/ ժողովրդավարության ամրագրում. չնայած ընտրությունից ընտրություն ժողովրդի մոտ առավել խորանում է թերահավատությունը ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխելու նկատմամբ, բայց քանի որ միաժամանակ շատ ծանր է քաղաքացիների վիճակը, նախագահական ընտրությունների դեպքում այդ հույսը վերադառնում է, և ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելու ձգտումը ինչ-որ չափով վերականգնվում է: 

4. Առաջընթաց հարևան երկրում. բոլորս լավ գիտակցում ենք, որ մեր կենսունակությունը նաև մեր մրցունակությունն է հարևանների հետ: Վրաստանում արձանագրված տնտեսական և քաղաքական առաջընթացը չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա՝ հարևան երկրի հետ համաքայլ լինելու առումով: 

Որ Հայաստանում նույնպես փոփոխության ուժերը գերիշխող կլինեն՝ կասկած չի հարուցում: Մեծ հարցը այն է թե երբ այն տեղի կունենա: Հաշվի առնելով մեր առաջ ծառացած խնդիրները և դրանց արագ լուծում տալու անհրաժեշտությունը՝ փոփոխության հրատապությունը մեզ համար դառնում է ճակատագրական»:

Նախորդ հոդվածը‘Հունաստանում լրագրողը ձերբակալվել է երկրի մեծահարուստների գաղտնի ցուցակը հրապարակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ռուս մարզական մեկնաբանի սրամտությունը` օրվա հիթ’