‘
Երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք օրեցօր ծանրացնում են վիճակը` Կապանում մեկնարկած երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքին հայտարարեց ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը:
«Գուցե դուք հարցնեք, թե ի՞նչ է պատահել, որ առանց ընտրությունների ընդդիմադիր ուժերը դուրս են եկել պայքարի: Ճիշտ է՝ ընտրություններ չկան այժմ, բայց հնարավոր է ընտրություններ պարտադրել», — ասաց Օսկանյանը: Մյուս կողմից էլ, նրա խոսքով, բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ հասնելու խորքային եւ արմատական փոփոխությունների:
«Այսօր քաղաքական դաշտը շատ պարզ ու հստակ է: Երբեւէ չի եղել, որ իշխանությունները լինեն այսքան ձախողված, և չի եղել վիճակ, որ ընդդիմությունն այսքան միասնական լինի: Չի եղել այսքան նեղ անձնական շահեր հետապնդող իշխանություն, եւ չի եղել, որ ընդդիմությունը միասնական բռունցք դարձած լինի», — ասաց Օսկանյանը:
Նրա խոսքով, արդեն մեր ժողովուրդը լքում է երկիրը, եւ դա առավել դժվար է դարձնում երկիրը վերականգնելու եւ արտաքին քաղաքական մարտահրավերները լուծելու խնդիրը: Օսկանյանի խոսքով, Սահմանադրության որակը չէ խնդիրների պատճառը, այլ Սահմանադրությունը կիրառողը՝ իշխանությունները:
«Այս վիճակի հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Այնքան ժամանակ, մինչեւ հակակշիռների մեխանիզմ, մրցակցություն, չլինի քաղաքական դաշտում, իրավիճակը չի փոխվի», -ասաց Օսկանյանը՝ հրավիրելով բոլորին հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
‘