‘
Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը դիմել է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, խնդրելով միջնորդել Գյումրիում սպանություն իրականացրած զինծառայող Վալերի Պերմյակովի գործը Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցում: Այս մասին, հղում կատարելով վարդապետ Անդրեյին, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» գործակալությունը:
«Մենք խորապես վշտացած ենք և ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին: Այդ ողբերգությունը վերաբերվում է ոչ միայն հայ ժողովրդին, այն բոլորիս ցավն է: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ»,-հայտարարել է վարդապետը: Նա նաև հաղորդել է, որ հանդիպել է Պերմյակովի հետ, որին փոխանցել է Նոր Կտակարանը: «Ելնելով նրա վիճակից, նա ամբողջովին չի գիտակցում իր արարքը: Ինչ-որ բան սկսում է գիտակցել, ընդունում է իր մասնակցությունն այդ արարքին, բայց արդյո՞ք նա հասկանում է իր մեղքը»,-նշել է վարդապետը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը, որի վերջին անդամը` Սերյոժա Ավետիսյանը մահացավ հունվարի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամոր» հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 1 և 2 կետերի հատկանիշներով (երկու և ավելի անձանց սպանություն): Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները:
‘