‘Վարկած. Թուրքիայի նախագահին սպանել են Վանը ՀՀ-ին հանձնելու մտադրության համար’

899

Ռուսաստանյան «Голос России» պարբերականի վերլուծաբան Օլգա Հըլդըզը «Թուրք նախագահի խորհրդավոր մահը» հոդվածում, շարադրելով Թուրքիայի հանրապետության 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի հանկարծակի մահվան իրական հանգամանքների շուրջ շրջանառվող վարկածները, դրանցից մեկում «հայկական տարբերակն» է նկարագրում: Մասնավորապես, ըստ առաջ քաշվող վարկածներից մեկի՝ նախագահի սպանությունը կարող էին կազմակերպել թուրք զինվորականները Օզալի՝ Արեւմտյան Հայաստանի որոշ շրջաններ ՀՀ-ին վերադարձնելու մտադրության համար:

Նշենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլի նախաձեռնությամբ Անկարայի դատախազությունը որոշում է ընդունել արտաշիրմել Օզալի դին եւ նրա մահվան հանգամանքների կրկնակի քննություն իրականացնել:

«Օզալը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի հետ Թուրքիան ավանդաբար լարված հարաբերությունների մեջ է 1915-ի իրադարձությունների (Հայոց ցեղասպանության-խմբ.) պատճառով», — նշում է հոդվածագիրը; Շարունակելով թեման, նա նկատում է, որ Օզալը ձգտում էր Երեւանի հետ հարաբերությունները կարգավորել ԱՄՆ միջնորդությամբ:

«Ամեն անգամ ԱՄՆ-ում գտնվելով, նա հանդիպում էր հայկական սփյուռքի հետ: Գոյություն ուներ նաեւ այսպես կոչված «Վան» օպերացիան, որի համաձայն, երբեմնի հայերով բնակեցված Վանի նահանգը նախատեսվում էր վերադարձնել նրանց: Այդ օրերին նույնիսկ թերթեր էին լույս տեսնում «Օզալը հանձնում է Վանը» վերնագրերով», — հիշեցնում է Голос России-ի թղթակիցը՝ մեջբերելով Օզալի հետ աշխատած Սուլեյման Ռոմանի խոսքերը, թե՝ «Օզալին հաջողվել էր հայ-թուրքական հարաբերությունները բավական առաջ մղել, եւ հայկական հարցի լուծումը որոշակիորեն նկատելի էր»:

Ըստ Օլգա Հըլդըզի, Թուրքիայի ներսում հայկական հարցի նման լուծումը ոչ բոլորին էր ձեռնտու:

«Մասնավորապես, իրադարձությունների զարգացման նման հեռանկարից դժգոհ էին թուրքական հասարակության մեջ առանձնահատուկ կաստա կազմող զինվորականները, որոնք ընդունակ են ազդելու երկրի քաղաքականության վրա»,-Թուրքիայի հանրապետության 8-րդ նախագահի ենթադրյալ սպանության «հայկական վարկածի» թեման եզրափակում է հոդվածագիրը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի առաջնություն. «Միկան» շարունակում է հաղթարշավը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պետդումայի եւս մեկ ընդդիմադիր պատգամավոր կարող է զրկվել մանդատից’