‘Վարկած. Կարեն Պետրոսյանին ՀՀ տարածքից առեւանգել են – Panorama.am’

1270

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ՀՀ  տարածքից առևանգելու վարկածը, տեղեկացնում է Panorama.am-ը:

«Կարենն այդ օրն ավանակով գնացել էր հանդամաս` վառելափայտի: Հանդամասը սահմանակից է Ադրբեջանին: Չինարիից դեպի ադրբեջանական գյուղ տանող ճանապարհն ականապատված է, և այն անվտանգ շրջանցելու ուղղին հայտնի է միայն ադրբեջանցի դիվերսանտներին: Ավանակը հայտնաբերվել է հայկական կողմում: Դրանից հետո Կարեն Պետրոսյանի հետքերը կորել են: Աշխատանքային վարկածի համաձայն, երիտասարդին նկատել են միայնակ, առևանգել ու տարել են ադրբեջանական տարածք: Քննության ընթացքում ձեռք բերած տվյալները խոսում են հենց այս վարկածի օգտին»,- ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նա հավելել է, որ գյուղացիների հարցաքննությունները փաստում են` հայկական և ադրբեջանական հարևան այդ գյուղերի բնակիչների միջև վերջին տարիներին միմյանց այցելելու, թեյելու նախադեպեր չեն գրանցվել:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Մանրամասները

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում աշակերտը հրաձգության դասին սպանել է մարզչին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ֆաբրեգասը «Չելսի»-ին տվեց այն, ինչ նրանից սպասում էինք» ‘