‘
Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները համատարած գործադուլ են սկսել: Նրանք բողոքում եմ, որ չնայած գազալցակայաններում շեշտակի աճել է գազի գինը, բայց իրենց աշխատանքի պայմանները չեն փոխվում՝ գծատերերը չեն իջեցնում օրվա պլանը: Նրանք նշում են, որ օրական 14 ժամ աշխատելով (սա էլ առանձին թեմա է)՝ տուն են գնում 1000 դրամով: Երևանի տրանսպորտի վարչության տխրահռչակ պետը առավոտվանից փորձում էր համոզել վարորդներին, որ վերջիններս վերադառնան աշխատանքի, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց:
Եթե երեկ վարորդների գործադուլի օջախը միայն մեկն էր, ապա այսօր ահազանգեր էին ստացվում քաղաքի տարբեր մասերից: Ըստ էության՝ բողոքի ակցիային այսօր մասնակցում էր քաղաքային տրանսպորտի վարորդների գրեթե կեսը: Եթե այսպես շարունակվի, վաղը Երևանի տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է լինելու:
Նշենք, որ արդեն կարելի է ապացուցված համարել, որ գազի գինը գազալցակայաններում բարձրացվել է անհիմն (հաշվարկն ու հիմնավորումները՝ այստեղ): Այսօր կառավարության նիստում էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները: Ու եթե այսպես է, ուրեմն քաղաքային տրանսպորտի և, ընդհանրապես, վարորդների խնդիրների լուծումը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա ընթացքում, եթե իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն և նվազեցնեն որոշ իշխանամերձ շրջանակների ախորժակները:
Նշենք, որ մամուլի հրապարակումներով ապացուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ չինովնիկներ և այլ բարձրաստիճան ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գծատերեր են, իսկ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին են պատկանում բազմաթիվ գազալցակայաններ: Եվ փաստորեն՝ ստացվում է, որ եթե կառավարության և քաղաքապետարանի ՀՀԿ-ական անդամները ուզում են իրենց և իրենց առաջնորդի պաշտոնավարումը երկարաձգել գոնե մինչև գարուն, անհապաղ պետք է նվազեցնեն հենց իրենց ախորժակները:
Հարություն Գևորգյան
‘