‘Վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է ԱԻՆ-ին’

1182

ՀՀ վարչական դատարանը 2012 թվականի տարեվերջի որոշմամբ ամբողջությամբ մերժել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության սկզբնական հայցը` ընդդեմ երկաթուղու: 

Մասնավորապես հայցվորը  «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության Մասիս տեսակավորման կայարանի պետ Վիլիկ Գրիգորի Պետրոսյանից պահանջում էր  հօգուտ ՀՀ պետական բյուջեի 150.000 դրամ տուգանքի գումար բռնագանձել` որպես տույժ:  Իսկ Վ.Պետրիսյանն էլ իր հերթին ներկայացրել էր հակընդդեմ հայց` պահանջելով անվավեր ճանաչել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար  վարչական տույժ կիրառելու մասին որոշումը:

Ըստ սկզբնական հայցի, տեսչության գլխավոր մասնագետ-տեսուչ Պետիկ Խաչատրյանի կողմից հետազոտություն կատարելու արդյունքում պարզվել է, որ կայարանի նախկին կայարանապետ Վ.Պետրոսյանը, հանդիսանալով տվյալ հիմնարկության անվտանգության հարցերով պատասխանատու անձ, չի կատարել 19.04.2001 թվականի տրված կարգադրագրի 2-3-րդ կետերի պահանջները: Դա,  ըստ ՎԻՎ օր-քի 187-րդ հոդվածի, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների խախտում է և առաջացնում է պատասխանատվություն:

Ըստ հակընդդեմ հայցի, ‹‹Հարավկովկասյան երկաթուղին›› հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն և չունի առանձին մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ: Մասիս տեսակավորման կայարանը ‹‹Հարավկովկասյան երկաթուղի›› փակ բաժնետիրական ընկերության ստորաբաժանումներից մեկն է, չունի իրավաբանական անձի կարգավիճակ, սեփական բյուջե կամ ինքնակառավարում: Առանձնացված ստորաբաժանման վերաբերյալ բոլոր որոշումների, այդ թվում  ներքին ձևափոխությունների, հակահրդեհային համակարգի ներդրման և կարգադրագրում ու արձանագրությունում նշված այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացման լիազորություն ‹‹Բաժնետիրական ընկերությունների մասին›› ՀՀ օրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ լիազորագրերով Վ.Պետրոսյանին վերապահված չէ: Ուստի ինքը նաև պատասխանատվություն չի կարող կրել հակահրդեհային համակարգի թերությունների կամ դրանց վերացման հարցում թերանալու համար, քանի որ ինքը չի հանդիսանում այն պաշտոնատար անձը, ով լիազորված է վերացնել դրանք:

Տվյալ դեպքում կայարանապետը չի կարող դիտվել որպես պաշտոնատար անձ, քանի որ չի տնօրինում ֆինանսական միջոցներ, չի մշակում հակահրդեհային քաղաքականություն, չի մասնակցում այդ հարցերով որոշումների ընդունմանը, ուստի չի կարող պատասխանատվություն կրել հակահրդեհային կանոնների խախտման համար:

Ճիշտ է, վարչական դատարանը հաստատված է համարել, որ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Բաբախանյանի կողմից 27.07.2012 թվականին ընդունվել է <> թիվ 4056 որոշումը, ըստ որի պատասխանողը ՎԻՎ օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով տուգանվել է 150.000 դրամ գումարով: Ըստ ՎԻՎ օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի` պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: 
Բայցեւ դատարանը գտել է, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից չի պարզվել սույն գործով էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե Վիլիկ Պետրոսյանը, արդյոք, հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պաշտոնատար անձ և հրդեհային անվտանգության կանոնների կատարման ապահովումը մտնում է նրա պաշտոնեական պարտականությունների մեջ, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով սկզբնական հայցով հայցվորի պարտականությունն է: Վարչական մարմնի կողմից չի պարզվել նաև Մասիս տեսակավորման կայարանի կազմակերպա-իրավական ձևը: Տվյալ պարագայում վարչական պատասխանատվության կարող էր ենթարկվել բացառապես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության այն պաշտոնատար անձը, որի պաշտոնեական պարտականությունների մեջ մտնում է հրդեհային անվտանգության կանոնների կատարման ապահովումը, իսկ Մասիս տեսակավորման կայարանի պետ Վիլիկ Պետրոսյանը որևէ կերպ չի կարող համարվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պաշտոնատար անձ, ուստի սույն գործով վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտ /զանցառու/ չէ:



Ի դեպ, նախարարությունն էլ է ընդունել պատասխանող ներկայացրած հակընդդեմ հայցի փաստարկները, քանզի որեւէ առարկություն չի ներկայացրել: Այլ խոսքով ընդունել է, որ ճիշտ անձի չեն տուգանելու մասին որոշում կայացրել: Հետաքրքիր է իմանալ, թե ինչով էր զբաղված նախարարության իրավաբանական վարչությունը` հայցը ներկայացնելիս:

Դատարանը նախարարության հայցը մերժել է ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը բավարարել: Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Դեպարդյեն ՌԴ քաղաքացիություն ստացավ (Ֆոտաշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի գլխավոր դատախազը մարդասպանության մեջ է մեղադրվում’