‘Վարչապետը հանձնարարել է 40%-ով բարձրացնել մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձը’

1230

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ, iLur.am-ին հաղորդում են կառավարության մամլո ծառայությունից:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ, եւ հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու նաեւ հենց այս բարեփոխումներով:
Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային եւ ժամանակացուցային թիրախավորում եւ ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:
Նիստի ընթացքում բարձրացվել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նկատել է.
«Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձեւերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 %-ով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 %-ով բարձրացնել ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ, որակի խիստ պահանջների հետ մեկտեղ, առկա է նաեւ դրանց համադրելի վարձատրություն»:
Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 %-ով:

Նախորդ հոդվածը‘Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի գործով նյութերը ՀՔԾ-ն առայժմ չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘Իրանը բոյկոտում է «Օսկարը»’