‘Վարչապետը հորդորում է քարոզել կուտակային կենսաթոշակի նրբությունները, երբ ԱԺ-ն պատրաստվում է հետաձգել «բարեփոխումը»’

733

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձ է կատարել հունվարի 1-ից կիրառության մեջ մտնելիք կուտակային կենսաթոշակի համակարգին:

Նա հիշեցրել է, որ համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքների համար շուրջ 10 տարի է ծախսվել, տեղի են ունեցել քննարկումնե` նաեւ Սերժ Սարգսյանի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:

«Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին:  Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը», — նշել է Սարգսյանը:

Նա հանձնարարել է ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններին և Կենտրոնական բանկին` «ավելի մեծ ժամանակ տրամադրել ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանանք տալ մեր քաղաքացիներին»:

Նշենք, որ հազարավոր քաղաքացիներ այս օրերին իրենց բողոքն են արտահայտում «բարեփոխման» դեմ: Ազգային ժողովի «ՀԱԿ», «ՀՅԴ», «ԲՀԿ» եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին հրավիրվել է արտահերթ նիստ` քննարկելու կուտակային կենսաթոշակի մասին օրենսդրական փոփոխությունների կիրառությունը մեկ տարով հետաձգելու օրինագիծը:

Նախորդ հոդվածը‘«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Stop ասաց կառավարությանը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի փաստաբանների միության նախագահը նամակով դիմել է Տիգրան Սարգսյանին’