‘Վարչապետին դատի են տվել’

1749

Առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչուհի Վիկտորյա Գրիգորյանը դատի է տվել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին, հայտնում է ecolur.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիկտորյա Գրիգորյանը դատարանից պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչությանը, որոնց թվում՝ նաեւ հայցվորին, ճանաչել որպես Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդակիր համայնք:

ՀՀ վարչական դատարանը մերժել է հայցադիմումը, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը իր հունիսի 7-ի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի բողոքը վարույթ է ընդունել:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը, որը շահագործվելու է «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից, Ջերմուկից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Ինչպես հայցադիմումում է նշված, մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվող Գնդեւազ, Գորայք եւ Սարավան գյուղերը համարվել են ազդակիր համայնք, իսկ Ջերմուկը` ոչ:

«Գտնում եմ, որ պատասխանող վարչական մարմինների անգործությամբ խախտվում են իմ` որպես վերը նշված գործունեության ազդեցությունը կրող անձի իրավունքներն ու ազատությունները»,- իր հայցադիմումում նշել է հայցվորը:

Նշենք, որ Վիկտորյա Գրիգորյանը սույն թվականի մարտի 13-ին դիմել էր ՀՀ վարչապետին՝ Ջերմուկը ազդակիր համայնք ճանաչելու խնդրանքով: Սակայն դիմումին պատասխանել է  «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, ով տեղեկացրել է.

«Ինչ վերաբերում է ազդակիր համայնքի ընտրությանը, այն կանոնակարգվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով: Ամուլսարի հանքավայրի դեպքում այն իրականացվել է վաղուց: Ուստի Ջերմուկ քաղաքը ևս ազդակիր համայնք ճանաչելը, վերոնշյալ պատճառներով պայմանավորված, հնարավոր չէր»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Օֆշորում հաշիվ բացելով փող չեն լվանում’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական մամուլը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին’