‘Վարչապետն ազատամարտիկներին ասել է «փող չկա». Նրանք կրկին հրապարակում են’

810

Երեկ ազատամարտիկները հերթական անգամ հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ քննարկելու նախորդ ամիս կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման հնարավորությունները: Ըստ կառավարության հաղորդագրության՝ քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

Panarmenian.net ը հանդիպումից հետո զրուցել է նաև հանդիպմանը ներկա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Ազատամարտիկն ասել է, որ վարչապետի հետ երկրորդ հանդիպումից հետո էլ ոչինչ չի փոխվել, հիմա իրենք հավաքվում են Ազատության հրապարակում՝ հետագա անելիքները քննարկելու: Հարցին, թե հատկապես ինչ անելիքների մասին է խոսքը, ազատամարտիկն պատասխանեց, որ շարունակելու են պայքարել, նստացույց ու հացադուլ են անելու:

Վոլոդյա Ավետիսյանը պատմեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կրկին հստակ պատասխան իրենց հարցերին չի հնչել. «Վարչապետն էլ բաց տեքստով ասաց, որ փող չկա: Ես մի բան կարող եմ ասել, մեր կառավարությունում մենակ իրենց մասին են մտածում, մտածում են ոնց փող աշխատեն, հազար անգամ ասացինք, որ մենք այս-այս պահանջներն ունենք, իրենք քննարկումների ու ցուցակների մասին են խոսում»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նախորդ ամիս նստացույց էին անում, նրանք կառավորությանը 13 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել և հանդիպել վարչապետին: Կառավարության ղեկավարը նրանց ասել է, որ մեկ ամիս անց ազատամարտիկների խնդրի լուծման համար հստակ առաջարկներ կարվեն:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»’
Հաջորդ հոդվածը‘«Գժի թուղթը» պետք չեկավ. Վարդանիկի դեմ քրգործ չի հարուցվել’