‘Վարչապետ. Չինովնիկները քաղաքացիներին ուղղորդում են՝ կառավարության շենքի առջև միտինգ անելու’

1397

Նախարարությունների միջին օղակների աշխատակիցները, պարզաբանումներ տալու փոխարեն՝ մարդկանց հաճախ ուղղորդում են կառավարություն, ինչի արդյունքում էլ գործադիրի շենքի առջև բազմիցս տարբեր տեսակի ցույցեր են կազմակերպվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» ՝ այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սա անթույլատրելի մոտեցում է։ Այսինքն՝ մարդկանց ուղղորդում են, որ մարդիկ գան և կառավարության շենքի առջև միտինգ անեն։ Նրանք կամ կոմպետենտ չեն, կամ հատուկ են անում: Փոխանակ  իրենց լիազորություններին վերաբերող հարցերին պարզաբանումներ տան, այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն»,-ասել է Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսուհետ տարբեր ոլորտներին առնչվող հարցերը կուղարկվեն անձամբ նախարարներին:

Վարչապետի այս բոցաշունչ ելույթից հետո կառավարության շենքի մուտքի մոտ է հայտնվել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը զրուցել է այդտեղ բողոքի ակցիա անցկացնող՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ: Թե ով էր այս որդեկորույս մայրերին ուղղորդել կառավարության դիմաց բողոքի ցույց անելու՝ նախարարը չի մանրամասնել:

Նախորդ հոդվածը‘«Հետքի» խմբագիր. Ո՞վ է հերթական անգամ ինչ-որ տղերքի վարձել, որ ինձ հետևեն’
Հաջորդ հոդվածը‘Չիլիում ուսանողական ցույցն ավարտվել է անկարգություններով (տեսանյութ)’