‘
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն ակնարկել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններում առաջընթաց կա։
-Իրավիճակը փոխվել է․ «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն լավացրել է իր առաջարկը։ Նման որոշումներ կայացնելիս պետք է միշտ բազմաթիվ գործոններ հաշվի առնել։ Արդեն կապ եմ հաստատել անհրաժեշտ մարդկանց հետ, այս շաբաթվա ընթացքում կքննարկենք բոլոր դրական ու բացասական կողմերը, ապա որոշում կկայացնենք։ Քանի որ երկուշաբթի «Բորուսիան» վերսկսելու է մարզումները, մինչև շաբաթվա վերջ որոշում կկայացնենք,-Վացկեի խոսքը մեջբերված է «Spox»-ից։
Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ սթերլինգ, իսկ ֆուտբոլիստին առաջարկել 4-5 տարվա պայմանագիր։
‘