‘
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն «Ruhr Nachrichten»-ին տված հարցազրույցում խոսել է նոր մրցաշրջանից առաջ երեք առանցքային ֆուտբոլիստների՝ Իլկայ Գյունդողանի, Մաթս Հյումմելսի և Հենրիխ Մխիթարյանի դորտմունդյան ակումբից հեռանալու մասին։
—Ամառային դադարից առաջ Դուք բացառում էիք, որ ի դեմս Հյումմելսի, Գյունդողանի և Մխիթարյանի՝ ակումբից միանգամից 3 առանցքային ֆուտբոլիստ կհեռանա։
-Ես այդ մասին ասում էի դեռևս նախորդ մրցաշրջանի ընթացքում։ Այդ ժամանակ բանակցելով Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կարծիք էի կազմել, որ նա մնալու է։ Խոստովանում եմ՝ սխալ գնահատական եմ տվել իրավիճակին։
—Հիմա Մխիթարյանը խաղալու է այլ ակումբում։ Ինչպե՞ս փոխեցիք Ձեր կարծիքը։
-Առաջին հերթին, ես չէի մտածում, որ նման շռայլ առաջարկ կստանանք մի ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Երկրորդ, մինչև վերջերս մենք ֆուտբոլիստի մասին այլ պատկերացում ունեինք։ Այդ երկու գործոնները հանգեցրին մեր գնահատականի փոփոխությանը։ Եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլի նման բիզնեսում համառորեն մեկ բան մտածես՝ ունենալով այլ տարբերակներ, չես զարգանա։
—Մխիթարյանը Թոմաս Տուխելի սիրելի ֆուտբոլիստն է։ Ինչպե՞ս է մարզիչն ընդունել տեղափոխությունը։
-Հասկանալի է, որ մարզիչը չի ասում․ «Հիանալի է՝ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղալու է Եվրոպայի լիգայում»։ Յուրաքանչյուր տրանսֆեր պետք է դիտարկել 3 տեսանկյունից՝ մարտավարական, սպորտային և ֆինանսական։ Մարզիչը գնահատում է սպորտային տեսանկյունից, և, իհարկե, այդ տեսանկյունից նման ֆուտբոլիստին վաճառելը լավ չէ։ Այս պարագայում վճռորոշ են եղել մյուս երկու գործոնները։ Շատ շնորհակալ եմ Տուխելին, որ նա ըմբռնումով մոտեցավ Մխիթարյանի տեղափոխությանը։
‘