ԼՈՒՍԱՀՈԳԻ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԻ ՍԳԱԿԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Ցավով տեղեկացանք ազգային, պետական ու քաղաքական գործիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին նախագահ Տիար Բաբկեն Արարքցյանի վախճանման մասին։ Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր վշտակցությունն ենք հղում հանգուցյալի ընտանիքին, բոլոր հարազատներին ու գործընկերներին։
Անձնապես ճանաչել ենք հոգելույս Բաբկեն Արարքցյանին և քաջատեղյակ ենք նրա հայրենաշահ գործունեությանը։ Նա մեր երկրի անկախության և արցախյան պայքարի ակունքներում էր, ով իր կյանքն ապրեց ու գործեց հայրենյաց սիրով ու նվիրումով՝ վաստակելով հարգանքը գաղափարակից ընկերների և մեր ժողովրդի։
Հայաստանի անկախության առաջին տարիներին լուսահոգի Բաբկեն Արարքցյանը ստանձնեց պետական պատասխանատու պաշտոններ՝ դրսևորելով պետական գործչին հարիր կամք և գիտակցություն։ Իբրև ՀՀ Գերագույն Խորհրդի Նախագահ՝ նա կարևոր ներդրում բերեց նորանկախացած մեր երկրի օրենսդրական ոլորտի բարեփոխմանը՝ ի նպաստ հայրենիքի առջև ծառացած դժվարությունների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության ապահովման։
Բարեհիշատակ Բաբկեն Արարքցյանը գովարժան վաստակ ունի նաև երիտասարդ սերնդի կրթության շնորհակալ գործում։ Նա երկար տարիներ դասախոսեց և վարչական հանձնառություններ ստանձնեց Երևանի պետական համալսարանում՝ գիտելիքի հանդեպ իր սերն ու նախանձախնդրությունը փոխանցելով իր սաներին։
Լուսահոգի հայորդին Վազգեն Ա և Գարեգին Ա հայրապետների գահակալության տարիներից սերտ կապվածություն է ունեցել մեր Սուրբ Եկեղեցու հետ։ Մեր հանդիպումների ընթացքին Մենք գոհունակությամբ ականատես ենք եղել նրա հոգու ջերմ սիրուն ու նվիրումին՝ հանդեպ մեր Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք, որ Տերը խաղաղության մեջ ընդունի նորոգ հանգուցյալ Բաբկեն Արարքցյանի հոգին և արժանացնի Իր անբավ ողորմությանն ու հանգչեցնի լույսերի մեջ երկնային բարձունքներում։
Թող Բարձրյալն Աստված Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգևի Արարքցյան սգակիր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին:
Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն:
Վշտակցությամբ և օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ