‘
«Эхо Москвы»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ մտադիր է դիմել ռուսաստանյան իրավապահ մարմիններին՝ իր և ռադիոկայանի հասցեին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սպառնալիքների կապակցությամբ:
«Ես միանգամայն լրջորեն եմ վերաբերվում Ռամզան Կադիրովի կողմից հնչեցված սպառնալիքներին, ուստի մտադիր եմ առաջիկայում դիմել Ռուսաստանի իրավապահ մարմիններին»,- գրել է Վենեդիկտովը «Эхо Москвы»-ի իր բլոգում:
Վենեդիկտովը հերքել է Կադիրովի մեղադրանքները, թե ռադիոկայանը հակաիսլամական քաղաքականություն է վարում: «Կարծում եմ, որ նման հայտարարությունները զրպարտչական բնույթ են կրում և վնասում են ռադիոկայանի հեղինակությանը: Մենք ապրում ենք աշխարհիկ պետությունում և հարգում ենք ՌԴ սահմանադրությունն ու Ռուսաստանի օրենքները»,- գրել է նա:
Ուրբաթ օրը Չեչնիայի ղեկավարը Վենեդիկտովին մեղադրել էր մուսուլմաններին վիրավորելու և ազգամիջյան թշնամանք սերմանելու մեջ: Փոխանցում է BBC-ն:
‘