‘
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասում երկրի Գերագույն դատարանի շենքը գնդակոծվել է ուղղաթիռից: Մադուրոն դա անվանել է ահաբեկչական գործողություն, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը երկրում:
Գերագույն դատարանի շենքը գնդակոծվել է այն պահին, երբ Մադուրոն ուղիղ եթերում հանդես էր գալիս պետական հեռուստատեսությամբ: Նախագահը պատմել է, որ ուղղաթիռը շենքի վրա երկու նռնակ է նետել, որոնցից մեկը չի պայթել: Նա տեղեկացրել է, որ տագնապի ազդանշանով ոտքի են հանվել հակաօդային պաշտպանության ուժերը:
«Օդաչուներից մեկը նախկինում եղել է ներքին գործերի նախկին նախարարի օդաչուն, որը կապեր ունի ԿՀՎ-ի հետ»,- հայտարարել է Մադուրոն:
Ուղղաթիռը պատկանում է Վենեսուելայի ոստիկանության գիտական, քրեական և քրեագիտական հետաքննությունների կորպուսին: «Մեկը զենք է բարձրացրել հանրապետության դեմ: Նա առևանգել է ուղղաթիռը և գրոհել Գերագույն դատարանի վրա»,- հայտարարել է կապի և տեղեկատվության նախարարը:
Սոցցանցերում լուսանկարներ են տարածվել, որտեղ առևանգված ուղղաթիռի վրա ցուցապաստառ է կախված՝ «350.Libertad» («350. Ազատություն») մակագրությամբ: Վենեսուելայի սահմանադրության 350 հոդվածում նշվում է, որ քաղաքացիները կարող են չճանաչել իշխանություններին, եթե նրանք խախտում են դեմոկրատական արժեքներն ու մարդու իրավունքները: Փոխանցում է BBC-ն:
‘