‘Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարին կասկածում են թմրատրաֆիկի մեջ’

1134

ԱՄՆ իշխանությունները ստուգումներ են սկսել Վենեսուելայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնք կասկածվում են թմրատրաֆիկ կազմակերպելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի տվյալներով՝ կասկածյալների թվում է նաև երկրի խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:

«Շատ ապացույցներ կան, որ Կաբելյոն հանդիսանում է կարտելի ղեկավարներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը»,-թերթին տեղեկացրել է ԱՄՆ արդարադատության նախարարության աղբյուրը: Նրա խոսքով՝ Վենեսուելայի խորհրդարանի նախագահը հետաքննության հիմնական թիրախն է:

Վենեսուելայի իշխանությունները բազմիցս հերքել են Վաշինգտոնի մեղադրանքները՝ թմրավաճառքին իր բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ: Մայիսի 13-ին Կաբելյոն հայտարարեց, որ մտադիր է դատի տալ լրատվական գործակալությունների 22 աշխատակիցների՝ թմրաբիզնեսին իր մասնակցության վերաբերյալ հրապարակումների համար:

Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի ուղղորդում և չի համակարգում հետաքննությունը, սակայն եթե ստուգումների արդյունքում մեղադրանքներ ներկայացվեն, ապա երկու երկրների հարաբերություններում ամենալուրջ ճգնաժամը կծագի՝ վերջին 16 տարիների կտրվածքով, երբ իշխանության էր եկել Ուգո Չավեսը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպանները մեղադրում են Եգիպտոսի իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘Մարգվելաշվիլին կոչ է անում խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ’