‘
Չորեքշաբթի, խորհրդարանի իշխող՝ Միացյալ սոցիալիստական կուսակցության անդամ Ռոբերտ Սեռայի սպանության առիթով հրավիրված մամուլի ասուլիսում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 4-ին մահափորձ է կատարվել խորհրդարանի նախագահ Դյոսդադո Կաբելյոյի նկատմամբ: Մադուրոն ոչ մի մանրամասն չի նշել, սակայն տեղեկացրել է նաև, որ մի քանի ամիս առաջ էլ մահափորձ էր կատարվել կրթության նախարար Էկտոր Ռոդրիգեսի դեմ: Դա տեղի էր ունեցել «այն տանը, որտեղ նա ապրում էր կնոջ և երեքամյա որդու հետ»,- նշել է Մադուրոն: «Դիպուկահա՛ր է եղել: Բարեբախտաբար՝ Աստված է պահել, բայց մենք դեռ չեն բռնել նրան, ով դա արել է»,- ասել է երկրի նախագահը:
Պատգամավորի սպանության մեջ Մադուրոն մեղադրել է կոլումբիական կիսառազմական կազմավորումներին և վենեսուելական ծայրահեղ աջ ուժերին՝ այդ հանցագործությունը համարելով Վենեսուելայում իրավիճակի ապակայունացման փորձերից մեկը:
Մադուրոն խոստացել է, որ շուտով Միացյալ Նահանգներին ապացույցներ կներկայացվեն, որ Վենեսուելայում գործող ահաբեկիչները «վայելում են բոլիվարիական կառավարության՝ Մայամիում խրամատավորված թշնամիների աջակցությունը»: «Եթե Վենեսուելայի թշնամիները ահաբեկչական ակցիաների միջոցով կարողանան հասնել նրա քաղաքական անկայունացմանը, ապա ցնցումներ տեղի կունենան ամբողջ Լատինական Ամերիկայում»,- համոզված է Նիկոլաս Մադուրոն: Փոխանցում է ТАСС-ը:
‘