‘
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պարբերաբար գիշերում է Կարակասի Հեղափոխության թանգարանի շենքի մոտ, որտեղ գտնվում է իր նախորդի՝ Ուգո Չավեսի գերեզմանը, այսօր հաղորդել է Associated Press-ը: Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս երեկոները եկել է թանգարանի մոտ ու մնացել այնտեղ գիշերելու: Երբեմն նրան ընկերակցում են իր մտերիմները: «Գիշերները մենք այստեղ հաճախ ենք մտորում զանազան բաների մասին»,- ասել է երկրի նախագահը:
Առաջին անգամ չէ, որ Մադուրոն պատմում է իր յուրահատուկ վերաբերմունքի մասին Չավեսի նկատմամբ: Այսպես, ապրիլին նա հայտարարել էր, թե աղոթելիս հանգուցյալ նախագահն իր առջև է հայտնվել թռչնի տեսքով և օրհնել իր մասնակցությունը նախագահական ընտրություններում: Հունիսին Մադուրոն նույնպիսի հայտարարություն էր արել՝ նշելով, որ այդ անգամ Չավեսն իրեն հայտնվել է իր ելույթի ժամանակ, երգող թռչնի տեսքով և հավանություն է տվել իր աշխատանքին, փոխանցում է lenta.ru-ն:
‘