‘Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվել’

856

Վենեսուելայի ներքին գործոց նախարար Ռոդրիգես Տոռեսը երեկ Telesur հեռուստաալիքի եթերից հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին:  Պլանի համաձայն՝ նախագահին պետք է գնդակահարեր դիպուկահարը, ինչից հետո ենթադրվում էին հարձակումներ ռազմավարական կարևոր օբյեկտների վրա, հայտարարել է ՆԳՆ ղեկավարը: Ըստ նրա՝ նախապես մահափորձը պետք է կատարվեր հուլիսի 24-ին, իսկ նախապատրաստություններն սկսվել են 2013 թ. ապրիլին՝ նախագահական ընտրություններից քիչ առաջ: Դավադրության մասնակիցների շարքում նախարարը նշել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, Հոնդուրասի նախկին նախագահ Ռոբերտո Միչելետիին, կուբացի ահաբեկիչ  Պոսադա  Կարիլյեսի ներկայացուցչին, ինչպես նաև ԿՀՎ-ի անանուն մի աշխատակցի: Բացի այդ՝ մահափորձին հավանություն են տվել «արմատական աջակողմյան ուժերը», այդ թվում՝ ընդդիմությունից նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, հայտարարել է Տոռեսը: Դավադիրների հանդիպումները տեղի են ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, ինչպես նաև՝ Պանամայում և Մայամիում: Տոռեսը չի պարզաբանել, թե ինչպես է հաջողվել կանխել մահափորձը:

Հունիսին Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով Վենեսուելայում ձերբակալվել էին Կոլումբիայի ինը քաղաքացիներ: Իր դեմ կազմակերպվող մահափորձերի մասին բազմիցս հայտարարել է նաև Մադուրոն: Մայիսին նա նման մեղադրանք ներկայացրեց Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին և երկրի աջակողմյան ընդդիմությանը: Նախընտրական քարոզչության ժամանակ Մադուրոն, որ Ուգո Չավեսի մահվանից հետո ժամանակավորապես ստանձնել էր երկրի ղեկը, դարձյալ հայտարարեց ԱՄՆ նախագահի աշխատակազմի նախկին պաշտոնյաների և Սալվադորի «ծայրահեղ աջ ուժերի» կողմից նախապատրաստվող մահափորձի մասին, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի խոսքը գրոշի արժեք չունի. Մամուլ’