‘Վենեսուելայում սնունդ գնելու համար հարկ կլինի մատնահետքեր հանձնել’

867

Վենեսուելայում պատրաստվում են ամբողջ երկրի սուպերմարկետներում առնվազն 20 հազար սքաներներ տեղադրել՝ գնորդների մատնահետքերը հաշվելու համար: Դա արվում է այն նպատակով, որպեսզի գնորդները չկարողանան կառավարության սահմանած նորմայից ավելի ապրանք գնել:

Անցյալ տարվանից Վենեսուելայում ամենուրեք ամենատարրական ապրանքների դեֆիցիտ կա, ինչի հետևանքով հսկայական հերթեր են գոյանում խանութներում: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ դրա մեղավորը սպեկուլյանտներն են, որոնք թաքցնում են ապրանքը՝ դրանց գները բարձրացնելու նպատակով: Փետրվարին Վենեսուելայում ձերբակալվեցին մի քանի դեղատնային ցանցերի և մթերային խանութների սեփականատերեր: Նրանք մեղադրվեցին  անբավարար թվով դրամարկղեր բացելու պատճառով արհեստական հերթեր գոյացնելու մեջ:

 Մադուրոն նաև պնդում է, որ հարևան Կոլումբիայից մաքսանենգները վերահսկելի գներով ապրանքներ են գնում սահմանամերձ շրջանների պետական խանութներից:

Հիմնական սննդամթերքի ու դեղորայքի պակասը մեծացնում է վենեսուելցիների դժգոհությունը և զանգվածային ցույցերի պատճառ է դառնում, որոնք հաճախ ավարտվում են բռնություններով, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն վավերացրել է Հայաստանի հետ պայմանագիրը՝ քաղաքացիների 30-օրյա կեցության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Վրաց պատգամավոր. խնայողության նպատակով՝ խորհրդարանը պետք է տեղափոխվի Թբիլիսի’