‘
Կարակասը «հոգեբանական և քաղաքական ահաբեկչություն» է անվանել ԱՄՆ տարածք մուտքն արգելող ցուցակն ընդլայնելու՝ Վաշինգտոնի որոշումը: «Նման ցուցակներն անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ»,- ասվում է Վենեսուելայի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիրը ստորագրել է կիրակի: Ցուցակում ընդգրկվել է նաև Վենեսուելան: Երկրի արտաքին գործերի նախարար Խորխե Առեասան ԱՄՆ նախագահին մեղադրել է «քաղաքական երեսպաշտության, համամարդկային արժեքները ոտնահարելու, խաղաղությունն ու կայունությունը խարխլելու» մեջ:
Հրամանագիրը քննադատել է նաև վենեսուելական ընդդիմությունը: «Վենեսուելայում ապրում են աշխատավորներ, ձեռներեցներ, մարդիկ, ովքեր ուզում են առաջ շարժվել: Չի կարելի մարդկանց ինչ-որ փոքր խմբի պատճառով, որոնք գողանում են ու խախտում մարդու իրավունքները, ստիպել, որ վճարի ամբողջ ժողովուրդը, միայն նրա համար, որ նրանք այդ երկրի քաղաքացիներ են»,- ասել է խորհրդարանի ընդդիմադիր մի պատգամավոր:
ԱՄՆ-ում Թրամփի հրամանագիրը նույնպես բազմաթիվ բողոքի ցույցերի առիթ է դարձել: Դրանց մասնակիցները իշխանություններին մեղադրում են ռասիզմի և կանխակալության մեջ:
Վենեսուելայից բացի՝ ցուցակում են հայտնվել նաև Չադը, Իրանը, Լիբիան, ԿԺԴՀ-ն, Սոմալին, Սիրիան և Եմենը:
Փոխանցում է euronews-ը:
‘