‘
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեքշաբթի օրը տեղի ունեցած խոշոր վթարն ազգային էներգահամակարգում անվանել է «հեղաշրջման գլխավոր փորձ, որն ուղղված էր ժողովրդի դեմ»: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ նա ուղիղ եթերում հայտարարել է, թե երկրի 12 նահանգներում էլեկտրաէներգիայի անջատման մեջ մեղավոր են «ֆաշիստական աջ ուժերը, որոնք ղեկավարվում են հյուսիսից»: «Ես կասկած չունեմ, որ այսօր տեղի է ունեցել հեղաշրջման գլխավոր փորձը»,- ասել է Մադուրոն: Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ «Ամուայ» նավթամշակման գործարանում տեղի ունեցած և 55 մարդու կյանք խլած պայթյունի հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ դա սաբոտաժ էր: «Աջ ուժերը վաղ թե ուշ ջախջախվելու են»,- հայտարարել է Մադուրոն՝ խոստանալով մոտ ժամանակներս համաքաղաքացիներին պատմել, թե ինչպես է իրականացվել «հեղաշրջման գլխավոր փորձը», որը հանգեցրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատմանը: «Աջ ուժերը պատերազմ են մղում մեր երկրի դեմ՝ նպատակ ունենալով կոլապսի մեջ գցել տնտեսությունը»,- ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ՝ համոզմունք է հայտնել Մադուրոն:
‘