‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է փոխել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դերը, երբ վերջինս դաշտ վերադառնա վնասվածքից հետո։ Իբրահիմովիչն ավարտում է վերականգնումը ծնկի վիրահատությունից հետո, սպասվում է, որ դաշտ կվերադառնա մինչև Ծննդյան տոները։
Անցած ամառ Զլատանը իր «9» համարի մարզաշապիկը տվեց «Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուին, իսկ համարի հետ միասին կարող է փոխվել նաև 36-ամյա շվեդի դերը թիմում,-պնդում է Manchester Evening News-ը։
Անցած մրցաշրջանում գործելով հարձակման սուր ծայրում՝ Զլատանը խփել է թիմի գոլերի մեծ մասը, սակայն հաճախ էր նահանջում գնդակի ստանալու համար։ Մոուրինյոն դա կարող է օգտագործել՝ «10» համարի դիրքը մշտական դարձնելով Զլատանի համար։ Զլատանի տեղափոխությունը փլեյմեյքերի դիրք, որը դատարկ էր մնացել Ուեյն Ռունիի հեռանալուց հետո, թույլ կտա Իբրահիմովիչին լրացնել Լուկակուին, այլ ոչ թե դառնալ նրա անմիջական մրցակիցը։ Առանց այն էլ ծանր է Լուկակուի համար, հատկապես մի քանի «չոր» խաղերից հետո։
Պարբերականի տվյալներով Մոուրինյոն պատրաստ է նաև Զլատանին օգտագործել Ռոմելուի կողքին։ Դա «Յունայթեդին» ճկունություն կհաղորդի և թույլ կտա խաղալ 3-5-2, կամ էլ 4-2-3-1 սխեմաներով։
‘