‘
Բաց նամակ Պավել Մանուկյանին՝ Ապարանցի Պավլիկին
Սիրելի Պավլիկ:
Ես այն մարդն եմ, որ 2004-ին վազելով վերջին պահին հասավ այն պատգարակին, որով քեզ շտապօգնություն էին տեղափոխում: Դու ոչ ինձ տեսար, ոչ իմ ձայնագրիչը… իսկ ես մինչեւ հիմա հիշում եմ այդ տեսարանը:
Եւ հետո ես ու ընկերուհիս Ղարաբաղից եկանք Երեւան` հիվանդանոցում քեզ տեսակցելու: Բայց մինչեւ գտանք, ասացին` քիչ առաջ դուրս է գրվել:
Մարդը, որը քեզ չէր ճանաչում, բայց քեզ համար այդ օրերին ցավում էր, որովհետեւ բոլորի կողմից սիրված ազատամարտիկի էին ծեծել:
Սիրելի Պավլիկ:
Ես հավատում եմ քեզ: Ես հավատում եմ քո անկեղծությանը եւ նվիրվածությանը: Եւ ես վստահ եմ, իրապես վստահ եմ, որ այն, ինչ արել ես, չես արել արյուն թափելու համար, որովհետեւ որքան էլ որ համացանցի հայրենասերները բղավեն, թե հեղափախությունը արյուն է պահանջում, վստահ եմ` դու այդպես չես կարծում, եւ վստահ եմ, որ դու չէիր ցանկանում այդ արյունը թափել, անգամ եթե խոսքը ոստիկանի մասին է, որոնց հանդեպ հասարակության շրջանում ահռելի հակակրանք կա: Որովհետեւ գիտեմ, մեր հողի համար կռիվ տված մարդը արյան ծարավի չի կարող լինել: Որովհետեւ գիտեմ, չէ, ես վստահ եմ, որ այն, ինչ անում ես, անում ես հանուն երկրի, հանուն այն հողի, որի համար արյուն են թափել մեր տղաները: Ու քո կերպարը պատերազմի մեր հերոսապատման էն կտորներից է, որով կարելի է անվերջ հպարտանալ ու հպարտանալ: Դու մեր հերոսներից ես, հերոս, որ պատրաստ էր նահատակվել ոչ միայն պատերազմի դաշտում, այլեւ հիմա: Ասում ես` «մեր մարմինը թող կամուրջ լինի դեպի հաղթանակ տանող ճանապարհին»: Դա քո ընտրությունն է, իհարկե: Բայց ես էլ, որպես մի սովորական քաղաքացի, կարո՞ղ եմ, չէ, դիմել իմ հերոսին խնդրանքով: Մեր սիրելի Պավլիկ, ես, որպես մարդ, որ քո հերոսության մեկ տոկոսն անգամ չի արել, ու չի էլ անի թերեւս, չեմ ցանկանում, որ դու այդ կամուրջը լինես, որովհետեւ ես չեմ ցանկանում, որ քո նման տղաները զոհ դառնան: Ու եթե անգամ դա ինքնազոհություն է, մեկ է` խնդրում եմ, այնպես մի արա, որ դա արվի մեր խղճի հաշվին: Մենք մինչեւ հիմա զոհել ենք մեր ժամանակը, լավ կյանքը, բարօրությունը` հանուն այս երկրի լավ ապագայի, իսկ դու ասում ես, որ պատրաստ ես քեզ զոհել հանուն արդարության հաղթանակի: Բայց գիտե՞ս, բանն այն է, որ քո կյանքը միայն քոնը չէ, եւ քո զոհողությունը միայն քոնը չէ: Արդարությունն, իհարկե, պիտի հաղթանակի, մի օր կհաղթի, բայց չէ, չեմ ցանկանա, որ դա քո կյանքի գնով տեղի ունենա: Մենք բավարար հերոսներ արդեն կորցրել ենք, որ եւս մեկին էլ կորցնենք մեր աչքի առաջ: Չեմ հասկանում նրանց, ովքեր տաք տեղերից աղաղակում են, թե` այո, արյուն է պետք: Մեզ այդ արյունը պետք չէ, սիրելի Պավլիկ: Մեզ կենդանի հերոսներ են պետք: Որոնք իրենք կյանքով օրինակ կծառայեն երիտասարդների համար, բայց ոչ իրենց մահվամբ: Մի՛ զրկիր մեր սերունդին հերոսներին մոտիկից տեսնելու եւ նրանց կենդանի ներկայությունը վայելելու իրավունքից: Մենք չէ՞ որ դրա իրավունքը ունենք: Մենք չէ՞ որ դեռ շատ բան ունենք սովորելու քեզնից եւ քեզ նման տղաներից:
Հասկանալի է քո ընդվզումը, բայզ զենքը տարբերակ չէ, սիրելի Պավլիկ: Տարբերակ չէ:
Կասեն՝ բա իշխանություննե՞րը: Իսկ նրանք ի՞նչ: Մենք նրանց դիմելու խնդիր չունենք, որովհետեւ նրանք մեր հերոսները չեն: Մեր հերոսները դուք եք: Ու եթե այդպես է, դուք նաեւ մեր առաջ եք պատասխանատու: Դո՛ւք, հենց դուք, ոչ իշխանությունները; Մեր կռիվն այստեղ չէ: Գիտեմ, որ դու հանձնվողներից չես: Վստահ եմ: Ու գիտեմ, որ եթե պետք եղավ, մինչեւ արյանդ վերջին կաթիլը կռիվ կտաս: Բա մե՞նք: Մենք մի՞թե առավել արժանի չենք, որ դու մեր կողքին լինես, որ հարկ եղած դեպքում ուս ուսի կռիվ տանք գերագույն արժեքների համար: Դու ամեն դեպքում արդարացի կլինես, բայց….
Մեր սիրելի Պավլիկ, հերոսները օրինակ պիտի լինեն, հիմա էլ, հենց հիմա էլ այդպիսին եղիր մեզ համար…բայց սա տարբերակ չէ…սա ելք չէ, սա հուսահատական քայլ է… իսկ հերոսները իրավունք չունեն հուսահատվելու եւ մեզ էլ հուսահատեցնելու…որովհետեւ ուժով ու զենքով իշխանափոխությունը ճիշտ չէ…դա տարբերակ չէ: Որովհետեւ մենք ավելի զորեղ զենքեր ունենք… մեր զենքը մեր զենքը չէ, սիրելի Պավլիկ:
Քրիստինե Խանումյան
‘