‘Վերանորոգման նպատակով ատոմակայանի աշխատանքի դադարեցումը կազդի սակագնի վրա’

870

2016 թվականին ՀԱԷԿ աշխատանքի նախատեսվող դադարեցումը`կայանի շահագործման ժամկետների երկարացման համար վերանորոգման աշխատանքների հետ կապված, «ամենալուրջ կերպով կազդի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վրա»: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, ԱԷԿ աշխատանքի դադարեցման դեպքում հանրապետության էլեկտրացանցերն ստիպված կլինեն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից: Միաժամանակ Նազարյանը դժվարացել է նշել սակագնի չափն ատոմային էլեկտրակայանի աշխատանքի դադարեցման դեպքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե առաջիկայում «ՀԱԷԿ»-ի և «Ռուսատոմ Սերվիս»-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով: Նա ասել է, թե փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30 մլն ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները պետք է ուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իր լրումին սպասող Ազատության հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նույն նախապայմանը. ազատել «օկուպացված ադրբեջանական» հողերրը’