‘
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Բաբայանին. դատախազը 7 տարի էր պահանջել:
Վերաքննիչը նաեւ ուժի մեջ է թողել վերաքննիչ բողոք ներկայացրած Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի պատժաչափերը: Նրանք առաջին ատյանը դատապարտել էր 3 եւ 2 տարվա ազատազրկման:
Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գնալու է մինչեւ վերջ՝ բոլոր ատյաններով:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա իբր փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած եւ հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով:
Գործով անցնող մյուս անձինք՝ Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը եւ Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման էին դատապարտվել։
Բաբայանն ու մյուս դատապարտվածները գործը համարում են շինծու:
‘