‘
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր` նոյեմբերի 13-ին, անփոփոխ է թողել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Նիստը բոյկոտել էին բոլոր 4 ակտիվիստները, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Մեղադրյալները ի նշան բողոքի դատարանի կամայականությունների դեմ չէին ներկայցել դատական նիստին, և պաշտպանական կողմը ներկայացնում էր փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Դատարանի դահլիճում հավաքված էին ՀԱԿ ակտիվիստների բարեկամները, հարազատները, ընկերները, որոնք ի նշան բողոքի դոփում էին և մեղադրում էին դատավոր Արմեն Դանիելյանին ապօրինի վճիռ կայացնելու մեջ:
Դատարանի դահլիճից դուրս ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանց ձեռքին պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Սերժի տղա դատարան», «Շուտով գալու են ձեր հետևից», «Սերժիկ, հեռացիր»:
Այս պահի դրությամբ դատարանի մոտ հավաքվածները շարժվում են նախագահական նստավայր, որտեղ 13.00-ին մասնակցելու են 2010թ. ՀՀ ԶՈՒ-ում զոհված Արտակ Նազարյանի գործով դատավարության դեմ ակցիային: Ակցիայի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել մեր կայքում ժամը 13.00-ից սկսած:
‘