‘
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի տասնյակ բնակիչներ եկել են Երևան և այս պահին բողոքի ցույց են իրականացնում նախագահականի դիմաց: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին վերինկարմիրաղբյուրցիները լուրջ խնդրի առաջ են կանգնել: «Եղվարդշին» շինարարական ընկերության կողմից գյուղի այգիների մոտ կատարած եռակցման աշխատանքների պատճառով 12 հեկտար հողատարածք է այրվել, սակայն, ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ: Ընդհանուր առմամբ, այրվել են 37 ընտանիքի պատկանող 12 հեկտար բերքատու այգիներ, մեկ դաշտային տնակ, մեկ տասնյակ մեղվափեթակ, հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս: Գործը Տավուշի մարզի քննչական բաժնում է:
«Եղվարդշին» ՓԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե հրդեհն իրենց մեղքով չի եղել, և այրվել է ոչ թե 12 հեկտար հողատարածք, այլ 3-4 բնակչի խաղողի այգի՝ հավելելով, թե երբ կպարզվի, որ ինքը մեղավոր է, հատուցում կտա, «բայց մենք ոչ մի մեղավորություն չունենք»: Բնակիչները, սակայն, համոզված են, որ կարգադրություն կա գործը ձգձգելու ու փակելու: Այսօր նախագահականի մոտ հավաքված գյուղացիները նորից նույն պահանջով են եկել՝ հենց Սերժ Սարգսյանի միջոցով փոխհատուցում են պահանջում, քանի որ տեղական իշխանությունները իրենց որևէ կերպ օժանդակություն չեն ցուցաբերել: Ընդ որում, հավաքվածները նշեցին, որ իրենք մինչ այս արդեն երկու անգամ դիմել են Սերժ Սարգսյանին, սակայն, որևէ նորմալ պատասխան չեն ստացել: Այս պահին հավաքվածների երեք ներկայացուցիչներ գտնվում են նախագահականում՝ բանակցություններ վարելու համար, քիչ անց, երբ նրանք արդեն դուրս կգան նախագահականից, պարզ կլինի, թե ինչպես են ավարտվել բանակցությունները:
Նշենք, որ ցուցարարները նաև հավելել են, որ եթե իրենց հստակ պատասխան չտրվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույցի և հացադուլի:
‘