‘ «Վերին Լարսն» անցնում է աշխատանքի ցերեկային ռեժիմի ‘

1261

Հոկտեմբերի 12-ից Վրաստանի և Ռուսաստանի սահմանում գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը շուրջօրյա ռեժիմից անցել է աշխատանքի ցերեկային ռեժիմի, հաղորդել է Ռուսաստանի ԱԴԾ Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդը, հաղորդում է «Բլաք սի պրեսը»` վկայակոչելով հյուսիս-օսական տեղեկատվական պորտալը:

Օգոստոսի 20-ի սելավից հետո Դարիալի կիրճում անցակետի մոտ մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյացել: Սեպտեմբերին խցանումներն զգալիորեն կրճատվել էին, «Վերին Լարս» հսկիչ անցակետն սկսել էր աշխատել շուրջօրյա ռեժիմով: Ընդ որում Վրաստանի «Կազբեկ» հսկիչ անցակետն աշխատում է ժամը 6-ից մինչև 19-ը, նշվում է հաղորդագրությունում: Մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդի ասելով, վրացական կողմի առաջարկությամբ հոկտեմբերի 12-ից ռուս-վրացական սահմանում գտնվող «Վերին Լարս» անցակետն անցնում է աշխատանքի ցերեկային ռեժիմի` ժամը 7:00-ից մինչև 18:00` Մոսկվայի ժամականով: Ավտոտրանսպորտի մուտքը անցակետի տարածք կդադարեցվի աշխատանքի դադարեցումից 30 րոպե առաջ, նշել է նա: «Վերին Լարս» բազմակողմանի ավտոմոբիլային անցակետը ռուսական կողմից ունի 12  ուղի` 6-ը մուտքի,  նույնքան էլ` ելքի համար: Հսկիչ անցակետի թողունակությունը կազմում է օրական 2300 մարդ, 30 ավտոբուս, 170 ուղևորատար և 200 բեռնատար փոխադրամիջոց:

Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ «Վերին Լարս» հսկիչ անցակետի աշխատանքը կանոնավորելու անհրաժեշտության մասին  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խոսել էր Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նշենք, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների հիմնական հոսքն իրականացվում է բեռնատար ավտոտրանսպորտով` «Վերին Լարս» հսկիչ անցակետով:

Նախորդ հոդվածը‘Երևանում օձերի ու կարիճների համար իդեալական պայմաններ կան. Բնապահպան’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն պաշտոնանկ է արել ՊՆ ղեկավարին’