‘Վերին Լարսում Հայաստան եկող 200 մեքենա է մնացել. Ճանապարհը չի մաքրվում’

988

Վերին Լարս-Կազբեկ անցակետը ձյան տեղումների պատճառով շարունակում է փակ մնալ, տեղեկացնում է «Արմենպրես»: Անցակետում կուտակումների մեջ գտնվող ուղևորներն գործակալության հետ զրույցում նշել են, որ այնտեղ հավաքված են շուրջ 200 բեռնատար և մարդատար մեքենաներ: «Անցակետը փակվել է դեկտեմբերի 23-ի երեկոյան: Մաքրման աշխատանքները դադարեցվել են: Այստեղ ասում են, որ իշխանություններն արգելել են մաքրել ճանապարհները, հետևաբար ձնակույտի պատճառով երթևեկությունը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար կասեցվել է»,-ասել է ուղեւորներից մեկը:

Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհների մաքրման աշխատանքները դեռևս չեն վերսկսվում, անցակետում պատճառաբանում են, որ սպասում են ձյան տեղումների դադարին, իսկ դա, ըստ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների, կլինի 20:00-ից հետո: Ուղևորներն առայժմ բողոքում են միայն սպասողական վիճակից, սակայն, ինչպես իրենք են նշում, եթե այսպես շարունակվի, շուտով կբողոքեն սովից ու ցրտից: «Չմրսելու համար մոտակա գյուղերից մեկից վառելանյութ ենք գնել` ավտոբուսներում ու մեքենաներում տաքացուցիչները միացնելու համար: Այստեղ նույնիսկ խնդրել ենք կապվել Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ` խնդիրը ներկայացնելու ու պատասխան ստանալու համար»,-հեռախոսով տեղեկացրեց քաղաքացին:     

Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Նույն ճանապարհի Զհինվալի-Գուդաուրի(փոստա) հատվածում շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի իշխանությունները ստրկությունից ազատել են 90 երեխաների ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Ազգ». «Պարզապես Մարիան»՝ Հայաստանում’