‘
Քննչական կոմիտեն պարզել է նախօրեին Վերնիսաժում կատարված սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ, մասնավորապես, ենթադրյալ մեղավորներին ներգրավել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երեւանի։
Նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից, վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:
Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Աբգարյանի, Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Աբգարյանը՝ տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
‘