‘«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում’

3383

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։

Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը:

«Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցին տարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։ Չինացիների մեկնաբանությունները՝ «Վերջին բնակիչը» ֆիլմին, նրանց մոտեցումները արցախյան կոնֆլիկտին ու հայկական պատմությանը, որոնց արտահայտման շարժառիթը հանդիսացավ «Վերջին բնակիչը», նշանակալից դարձան ռեժիսորի համար։

«Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը,-  ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում,- Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։

Շանհայի միջազգային՝ Ա կարգի այս կինոփառատոնը նոր ուղի բացեց «Վերջին բնակիչը» ֆիլմի փառատոնային արշավի համար․ մասնակցության առաջարկներ եղան նաև չինական Silk Road International Film Festival –ի, իտալական Salento International Film Festiva-ի և այլ կինոփառատոնների կողմից, որոնց, առաջիկայում, ռեժիսորը պլանավորում է ներկայացնել ֆիլմը։

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ քաղաքական խումբն անվստահություն է հայտնել Ագրամունտին’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Սևանում’