‘Վերջին տեղեկությունները վիրավորված զինվորների մասին’

1789

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 17-ին վիրավորված զինվորներից երկուսը Երեւան են տեղափոխվել շաբաթ օրը, երրորդ վիրավորը՝ այսօր:

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը, շաբաթ օրը Ստեփանակերտից Երեւան տեղափոխված զինվորներից մեկը՝ Արմեն Վարդանյանը, այժմ գտնվում է իրենց հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում՝ գլխի ականապայթյունային վիրավորում ախտորոշմամբ:

«Ընդհանուր վիճակը գնահատվել է ծանր, ընդունման պահին՝ կայուն, գիտակցությունը պահպանված էր, ներկա պահին էլ գիտակցությունը պարզ է, ինքնուրույն է շնչում, վիրահատության կարիք այս պահին չկա, գտնվում է հսկողության տակ»,- նշեց Հովհաննիսյանը:

Այսօր Երեւան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված զինվորի՝ Յուրի Զաքարյանի մոտ ախտորոշվել է գլխի հրազենային թափանցող վիրավորում, վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության տակ, գիտակցությունը բացակայում է: Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին եւս դեռ վիրահատության կարիք չկա, մեկ վիրահատություն արվել է Ստեփանակերտի հոսպիտալում՝ մինչեւ այստեղ տեղափոխվելը:

Շաբաթ օրը Երեւան տեղափոխված երրորդ զինվորը, հիշեցնենք, գտնվում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում ‘
Հաջորդ հոդվածը‘Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն մտադիր չէ ընդլայնել քանակակազմը Մերձբալթիկայում և Լեհաստանում’