‘Վթարի պատճառ դարձած հայ վարորդն զոհված որդու գերեզմանաքարի համար գումար էր վաստակում’

1326

Նոր Մոսկվայում արյունալի ավտովթարի պատճառ դարձած հայ վարորդը ՌԴ էր մեկնել մեկ տարի առաջ զոհված որդու գերեզմանաքարի համար գումար աշխատելու նպատակով։ Այդ մասին HTB-ի լրագրողներին բացառիկ հարցազրույցի ընթացքում պատմել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը: Հաղորդում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ տղամարդը Երևանից Մոսկվա է մեկնել գումար վաստակելու համար։ Նա ավելի վաղ կռվել և կոնտուզիա է ստացել։ Նրա 21-ամյա որդին զոհվել է մեկ տարի առաջ՝ բանակում, և Հրաչյան ցանկացել է լավ տապանաքար տեղադրել նրա գերեզմանին։

«Մեր ընտանիքից ոչ ոք չէր ցանկանա նման վատություն անել։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ արգելակները չեն աշխատել։ Նա փորձել է ամեն ինչ անել, որ ոչ ոքի ոչինչ չպատահի։ Արել է ամեն հնարավորը»,-ասել է Արթուր Հարությունյանը։

46-ամյա վարորդի կինը, դուստրը, թոռնիկն ու տարեց հայրը Երևանում են։

Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայում շաբաթ օրը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։

Վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում։ Վարորդը, ում մեղադրանք է ներկայացվել, ևս հիվանդանոցում է։ Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում, սակայն ցուցմունք տալ Հարությունյանը դեռևս չի կարող։ Բժիշկներն ասում են, որ նա շոկի մեջ է։

Աղբյուրը նշում է, որ հայ վարորդը մեկ տարվա ընթացքում 7 անգամ խախտել է երթևեկության կանոնները։ Նա ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը, որը վարել է Հրաչյան, դեռևս աշնանը հանվել է հաշվառումից։

Սարսափելի վթարից հետո պատգամավորները որոշել են պարտադրել բոլոր օտարերկրյա վարորդներին քննություն հանձնել և փոխել ազգային վարորդական վկայականները ռուսական վկայականներով։

Երկուշաբթի Մոսկվայում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ ավտոբուսի զոհված ուղևորների։

Նախորդ հոդվածը‘Իշխանափոխություն՝ սպանության միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ ‘