‘
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, հայտարարել է. «Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»: Ապա, ավելի պատկերավոր լինելու համար, ավելացրել է. «Դրանց միջև կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել»:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էլ, հակառակ այս պնդումների՝ նշել է. «Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար՝ մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»:
Այսինքն, ըստ Վիգեն Սարգսյանի՝ «հնարավոր է կիսով չափ հղի լինել»:
Այս խոսքերը նաեւ բացահայտում են այն, որ Հայաստանի իշխանություններն անլուրջ են վերաբերվել եվրոպական գործընկերներին՝ հետ կանգնելով ձեռք բերված պայմանավորվածություններից: Այսպես, գիտենալով, որ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծումը հակասում է Մաքսային միությանը (որի ստեղծման շուրջ նույն այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները բանակցել են ՌԴ-ի հետ), Հայաստանը, այնուամենայնիվ, շուրջ չորս տարի եվրոպացիների հետ բանակցել է ԽՀԱԱԳ ստեղծման շուրջ: Հաջողությամբ ավարտելով բանակցությունները՝ այս հուլիսին էլ համատեղ հայտարարվեց, որ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված է: Ի՞նչ է նշանակում բանակցությունների ավարտ. դա նշանակում է, որ բոլոր հարցերը, դրույթները, պարտավորվածությունները համաձայնեցված են, մենք և ԵՄ-ն համաձայնեցրել ենք բոլոր վիճահարույց կետերը, ու հիմա մնում է թարգմանել, տպել և ստորագրել: Սակայն ստորագրելու փոխարեն՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, թե «պետք է փորձել համադրել այդ դրույթները։ …Հետևաբար՝ մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»:
Այս խոսքերը բացահայտում են, թե որքան անլուրջ են մեր իշխանությունները վարվել եվրոպական գործընկերների հետ՝ 4 տարի բանակցել և հայտարարել են, որ ամեն ինչ համաձայնեցված է, հիմա էլ ասում են, որ «վերցնում ենք միայն դրա քաղաքական բաղկացուցիչը՝ երկխոսությունը»: Խնդիրը նաեւ այն է, որ ՀՀ իշխանությունները, իրենց ոճին հավատարիմ, չեն տեղեկացրել եվրոպացի իրենց գործընկերներին, որ զուգահեռ բանակցել են Մաքսային միություն մտնելու փաստաթղթերի շուրջ:
Եվրոպացիներն էլ, հասկանալով, որ ՀՀ չինովնիկները անպարկեշտ խաղ են վարում, հայտարարեցին, որ «Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱԳ կարող են լինել համատեղելի ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության հետ»: Այսինքն՝ գնդակը կրկին վերադարձավ ՀՀ դաշտ: Սերժ ու Վիգեն Սարգսյանները ցանկանում էին Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱԳ վիժեցնելու պատասխանատվությունը դնել ԵՄ-ի վրա: Խափանելու համար նման հեռանկարը՝ ԵՄ-ն ասում է՝ եկեք ստորագրեք, սպասում ենք:
Մկրտիչ Սարգսյան
‘